ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչի՞ց են անհանգստացած աբխազահայերը. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ինչպես հայտնի է, Աբխազիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլ կանցկացվի: ԿԸՀ տվյալներով, թեկնածուներից Բադրա Գունբան առաջին փուլում հավաքել է ձայների 46 տոկոսը, իսկ ընդդիմադիր Ադգուր Արձինբան՝ 37 տոկոսը: Երկրորդ փուլը տեղի կունենա մարտի 1-ին:

Առաջին փուլի ընթացքում անդրադառնալով ընտրություններին՝ քանիցս նշել էինք տեղում առկա անհանգստություններն այն մասին, որ Աբխազիայի ընդդիմությունը և մասնավորաբար Ադգուր Արձինբան գտնվում են թուրքական լոբբիի ազդեցության ներքո, ինչպես նաև մտահոգություններն այն առումով, որ Աբխազիայի հայ համայնքի անվտանգության հետ կապված սպառնալիքներ կան: Ընտրությունների առաջին փուլի ավարտից հետո ընդդիմադիրները տարածում էին տեղեկություններ, որ հայ ազգաբնակչությունն ամբողջովին քվեարկել է Բադրա Գունբայի օգտին: Ըստ eadaily.com հրատարակության, սոցցանցերում հայտնվել են տեսահոլովակներ, որտեղ, ամենայն հավանականությամբ, ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները հայտարարում են, թե «հայերին պետք է իրենց տեղը ցույց տալ», ավելին՝ ձայնագրություններից մեկում նույնիսկ սպանության կոչ է հնչում:

Կիրակի օրը Աբխազիայի Հանրապետության նախագահի պաշտոնակատար Վալերի Բգանբային է դիմել Աբխազիայի հայ համայնքի ղեկավար Ալիկ Մինոսյանը, որը նույնիսկ կոնկրետ նշել է այդ կոչերի հեղինակների անունները: Մինոսյանը նաև նշում է, որ ընտրությունների մեկնարկից ի վեր, չնայած հայ համայնքը զերծ է մնացել հրապարակային հայտարարությունից՝ պահպանելով ընտրական գործընթացներին չխառնվելու սկզբունքը, այդուամենայնիվ, տեղի հայերի նկատմամբ եղել են ճնշումներ, հնչել են սպառնալիքներ: Հայ համայնքի ղեկավարը Վալերի Բգանբային դիմել է խնդրանքով՝ տալ իրավական գնահատական վերը նշված կոչերին ու սպառնալիքներին, երաշխավորել Աբխազիայի հայերի անվտանգությունը, ձեռք առել բավարար միջոցներ՝ կանխելու ազգամիջյան ատելություն ու թշնամանք հրահրող ցանկացած քարոզչություն:

Եվ ահա, երեկ հայտնի դարձավ, որ ԱՀ նախագահի պաշտոնակատար Վալերի Բգանբայի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն իրավապահ մարմինների ղեկավարների մասնակցությամբ, որտեղ քննարկվել է հայ համայնքի պահանջը: Նախագահի պաշտոնակատարը նշել է, որ պետք է ստեղծել օպերատիվ խումբ՝ գլխավոր դատախազի ղեկավարման ներքո և ներքին գործերի նախարարության ու պետական անվտանգության ծառայության մասնակցությամբ, որպեսզի վերջակետ դրվի այս հարցում և «հանգցվի» ստեղծված վիճակը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular