ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանը վտարում է ՄԱԿ-ի կառույցներին. ի՞նչ է դա նշանակում երկրի համար

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանը վերանայում է ՄԱԿ-ի հետ համագործակցության իր առաջնահերթությունները նոր իրողությունների լույսի ներքո, օրերս հայտարարել է երկրի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։ Ադրբեջանական ԶԼՄ-ները ՄԱԿ-ի կառույցներին մեղադրում են ղարաբաղյան հակամարտության հարցում կողմնակալության, ինչպես նաև իշխանություններին այն ոչ կառավարական կազմակերպությունների անունները չհայտնելու մեջ, որոնց հետ իրենք աշխատել են, գրում է bbc.com–ը։

Բացի դա ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ կառավարությունը կարծում է, որ «Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի տեղական գրասենյակի ընթացիկ գործունեության կարիքը չկա»։ Բաքուն հայտարարել է, որ Ադրբեջանի և Կարմիր խաչի միջև «որոշ խնդիրներ» կան: Մասնավորապես, կազմակերպությունը չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գրասենյակ է բացել առանց Բաքվին ծանուցելու և հրաժարվել է փակել այն, երբ Ադրբեջանը վերականգնել է վերահսկողությունը տարածաշրջանի վրա, և ԼՂՀ-ն լուծարվել է։

Այս տարվա սկզբից Ադրբեջանի իշխանությունները նաև կարգադրել են փակել մի քանի միջազգային կազմակերպություններ։ Հունվարին, Թրամփի ֆինանսավորումը սառեցնելուց անմիջապես առաջ, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը՝ USAID-ն է դադարեցրել գործունեությունը: Փակվել է նաև Ռուսաստանի հայրենակիցների հետ կապերի գործակալության «Ռոսսոտրուդնիչեստվոն» ներկայացուցչությունը, իսկ վերջերս էլ փակվել է նաև «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» կոռուպցիայի դեմ պայքարող կազմակերպության տեղական մասնաճյուղը։

Փետրվարին Ադրբեջանի իշխանությունները հրահանգել են փակել BBC News-ի, Bloomberg-ի տեղական ներկայացուցչությունը և ռուսական Sputnik պետական գործակալությունը։ Իշխանություններն այս ամենը ներկայացնում են որպես միմյանց վրա երկրների ազդեցության հավասարության հասնելու ցանկություն մատնանշելով, որ Ադրբեջանում պետք է լինի այնքան օտարերկրյա պետական լրատվամիջոցների ներկայացուցիչներ, որքան Ադրբեջանի պետական լրագրողներ կան այդ երկրներում։

Այնուամենայնիվ փակվել են նաև օտարերկրյա պետությունների հետ կապ չունեցող լրատվամիջոցները, մասնավորապես տեղական Turan գործակալությունը, որը, ի պատասխան իշխանամետ լրատվամիջոցների նյութերի, հայտարարել է, որ ամերիկյան կամ եվրոպական դրամաշնորհներ չի ստացել, և գոյություն ունի զուտ կոմերցիոն բաժանորդագրությունների միջոցով։

Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովը 2020 թվականի բանաձևում Ադրբեջանն անվանել է «լրագրողների համար ամենաթշնամական երկրներից մեկը»։ Դա տեղի էր ունեցել Ադրբեջանում լրագրողների զանգվածային ձերբակալությունների սկսվելուց և ամբողջական խմբագրությունների փակումից երեք տարի առաջ, իսկ արդեն 2024 թվականին Վեհաժողովը դադարեցրել է նաև ադրբեջանական պատվիրակության աշխատանքը մարդու իրավունքների խախտումների պատճառով։ 

Սակայն Ադրբեջանում պետական քարոզիչները միայն ուրախանում են այս ամենի համար հայտարարելով, որ այժմ երկիրը կկարողանա ավելի անկախ քաղաքականություն վարել։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի քննադատներն էլ ասում են, որ երկիրը մեկուսացնում է իրեն արտաքին աշխարհից փակելով լրատվամիջոցներն ու միջազգային կառույցները միաժամանակ հիշեցնելով, որ Ադրբեջանը դեռ փակ է պահում իր ցամաքային սահմանները կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարի պատրվակով։

«Սահմանները փակ են, սատանան դրա հետ, բայց նրանք նաև շրջափակում են երկիրը ներսից, կազմակերպություններ են վտարվում երկրից, և պաշտոնական կայքերն արդեն սկսել են երկար «վերլուծական» հոդվածներ հրապարակել, որոնք արդարացնում են այս ամենը»,- գրել է հայտնի լրագրող և քաղաքական էմիգրանտ Գանիմաթ Զահիդը։

Սոցցանցերի ադրբեջանական հատվածում ոմանք ցնծում են ՄԱԿ-ին ու Կարմիր Խաչին անվանելով անպետք կազմակերպություններ, ոմանք էլ գրում են, որ երկիրը վերածվում է Հյուսիսային Կորեայի։

 «Ինձ թվում է, որ ցանկացած ավտորիտար ռեժիմ ունի իր դինամիկան, կանգ չի առնում, ավելի ու ավելի է կոշտանում, բայց այդ ամենը պետք է ինչ որ զարգացում ունենա, և եթե արդեն մաքրել ես ամեն ինչ, պետք է գտնել մեկ ուրիշին, ում կարող ես արգելել, - կարծում է ադրբեջանցի սոցիոլոգ Սերգեյ Ռումյանցևը, ով ապրում է Եվրոպայում,– ավտորիտար ռեժիմի տրամաբանությունն այնպես է աշխատում, որ միշտ պետք է գտնել իրեն չհնազանդվողին, ով գոնե հիպոթետիկորեն կարող է մի օր խնդիրներ ստեղծել, չնայած Կարմիր Խաչն ի՞նչ խնդիրներ կարող էր ստեղծել, անհասկանալի է»։

Ըստ սոցիոլոգի Կարմիր Խաչի դեպքում իշխանություններին կարող էր մտահոգել այն, որ նրանք հանդիպում են հայ ռազմագերիների և Ղարաբաղում մնացած խաղաղ բնակիչների հետ (ստույգ թիվը դեռ հայտնի չէ)։ «Նախագահը հաղթեց պատերազմը, և նա քարտ-բլանշ ունի անել այն, ինչ ուզում է», - եզրափակել է Ռումյանցևը:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular