ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հայաստանը սկսել է վազք դեպի ոչ մի տեղ»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում և Ադրբեջանում տեղի ունեցող գործընթացները շատ տարբեր են և գրեթե հակասում են տրամաբանությանը։ Տեսեք ինքներդ: Ադրբեջանի և Հայաստանի միջև երկարատև բանակցությունները մինչ այժմ ոչնչի չեն հանգեցրել, և դա այն դեպքում, որ անգամ նշվել է, որ կողմերը գտել են ընդունելի լուծում, սակայն այդ ամենի արդյունքն առայժմ միայն փակուղի է տանում, գրում է anna-news.info–ն։

Բաքուն շտապեցնում է Երևանին: Պահանջում է, և առաջին հերթին այն, որ Երևանը հաստատի իր պարտությունը պատերազմում, հետևաբար վերաշարադրի երկրի հիմնական օրենքը և հարակից այն իրավական ակտերը, որտեղ, Բաքվի կարծիքով, տարածքային պահանջներ կան Ադրբեջանի նկատմամբ։ Բաքուն պահանջում է այդ բարեփոխումը որպես պայման երկար սպասված խաղաղության պայմանագրի կնքման համար: Այսինքն լիարժեք կայուն խաղաղության հասնելու համար Հայաստանը պետք է մեկընդմիշտ հրաժարվի Լեռնային Ղարաբաղից։

Այդ ֆոնին հայ հասարակության մեջ նկատվում է ռևանշիստական տրամադրությունների աճ։ Պատերազմից նվաստացած հայերը դեռ հույս են փայփայում իրավիճակը վերադարձնել նախկին վիճակին։ Հայաստանը, որը մինչև վերջերս իրեն պաշտպանված էր համարում ՀԱՊԿ–ի կողմից, որում առաջատար դեր է խաղում Ռուսաստանը, վերանայել է իր հարաբերություններն այդ կազմակերպության հետ և իր հայացքն ուղղել է տարածաշրջանից դուրս։ Այսօր Հայաստանը Եվրոպայում կողմնորոշված է դեպի Ֆրանսիա և Հունաստան, իսկ Ասիայում Հնդկաստան։ Թե որքանով ավելի արդյունավետ կլինեն նոր դաշնակիցները Հայաստանի համար ՀԱՊԿ-ի փոխարեն՝ ցույց կտա ժամանակը։  Բաքուն էլ երկար տարիներ հարաբերություններ է կառուցում Թուրքիայի հետ։ Վերջինս օգնել է նրան 44-օրյա պատերազմում։ Եվ հիմա, եթե հանկարծ ինչ-որ բան պատահի, և անհրաժեշտ լինի նորից զենք վերցնել, արդյո՞ք Հայաստանի նոր դաշնակիցները կգան օգնության։ Հարցը վիճելի է ու բարդ։

Բայց ինչ էլ որ լինի, դա Հայաստանի ներկայիս իշխանությունների ընտրությունն է, որոնք ֆրանսիական և հնդկական պաշտպանական համալիրների օգնությամբ ինտենսիվ սպառազինման կուրս են բռնել։ Ադրբեջանի նկատմամբ թշնամական հռետորաբանության և նոր ռազմաքաղաքական իրավիճակի ֆոնին դժվար չէ կռահել, որ Հայաստանն ակտիվորեն պատրաստվում է Ադրբեջանի հետ նոր պատերազմի։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարտվել է Ղարաբաղյան Երկրորդ պատերազմում, և  Բաքուն, որպես հաղթող որոշել է Ղարաբաղի սեփականության հարցը։ Փաշինյանն ասելով, որ դա Ադրբեջանի տարածքն է  ժողովրդից ստացել է ատելություն ու հակակրանք: Դա անգամ հանգեցրել էր նրա հրաժարականի պահանջով բողոքի ցույցերի։  Եվ իրավիճակը փրկելու համար նա կարող է որոշել, որ իր համար իրավիճակը կփրկվի Ադրբեջանի հետ պատերազմում փոքր հաղթանակը, քանի որ դա կվերականգնի իր հեղինակությունը ժողովրդի մոտ։ Եվ Էմանուել Մակրոնը նրան դրդում է դա անել։ Բայց հարցն այն է, թե ինչո՞վ պետք է պայքարի Հայաստանը, եթե նրա զինտեխնիկայի մի մասը Բաքվի Ռազմական ավարների պուրակում է, իսկ մնացածը պիտանի չէ ժամանակակից պատերազմ վարելու համար։ Եվ արդյունքում պայմանավորվածություններ են ձեռք բերվել նոր դաշնակիցների հետ: Սկսվել են զենքի մատակարարումները Հայաստան, մի մասը Ֆրանսիայից, որոշները Հնդկաստանից, նույնիսկ Հունաստանից են որոշել Երևանին մատակարարել ռուսական հին Ս-300 ՀՕՊ համակարգեր։

Այս երկրներից յուրաքանչյուրն ունի Հայաստանին զենք տալու իր դրդապատճառները։ Հնդկաստանի համար Պակիստանը թշնամի է, իսկ Ադրբեջանի համար բարեկամ։ Այդ պատճառով էլ Հնդկաստանը համաձայնել է զինել Հայաստանը։  Միևնույն ժամանակ, Ադրբեջանը շատ մոտ է Թուրքիային, որի նկատմամբ Հունաստանը հեռու է բարեկամական զգացմունքներ ունենալուց։  Իսկ ի՞նչ ասել Ֆրանսիայի մասին, Ֆրանսիան և Եվրամիությունը, պարտվելով Ուկրաինայում, փորձում են շեղել Ռուսաստանի ուշադրությունն այլ տարածաշրջանների վրա։ Այդ առումով էլ Հարավային Կովկասը դարձել է նրանց ջանքերի կիրառման կետերից մեկը։ Արևմուտքը գիտակցում է, որ Ռուսաստանը, Ուկրաինայում առաջ գնալով, աստիճանաբար ամրապնդում է իր դիրքերը, և Մոսկվային թուլացնելու համար Փարիզը փորձում է լարվածության նոր օջախ ստեղծել Ռուսաստանի սահմանների մոտ։ Այդ խաղում էլ Հայաստանը հանդես է գալիս որպես հակառուսական գործիք։ Խաղի անբաժանելի մասն է հայ-ադրբեջանական սահմանին գործող ԵՄ դիտորդական առաքելությունը, որը հայտարարված է որպես «քաղաքացիական», բայց ավելի մանրամասն ուսումնասիրության արդյունքում պարզվում է, որ առաքելության կազմում ընդգրկված են ԵՄ երկրների և Կանադայի իրավապահ մարմինների նախկին և ներկա ներկայացուցիչներ: Տարածաշրջանում այդ առաքելության գործունեության իրական նպատակների վերաբերյալ մտահոգություններ բազմիցս են արտահայտվել Բաքվի և Մոսկվայի կողմից։ Ըստ էության առաքելությունը, իրավիճակի մոնիտորինգի և կայունության հաստատման պատրվակով, իրականում զբաղվում է ադրբեջանական զորքերի տեղակայման, նրանց ներուժի և հնարավորությունների մասին հետախուզական տեղեկատվության հավաքագրմամբ։ Այդ տվյալներն այնուհետ փոխանցվում են հայկական կողմին, որն էլ ավելի է հաստատում այն կասկածը, որ Արևմուտքն ընդհանրապես և Ֆրանսիան մասնավորապես պատրաստվում են Հայաստանի միջոցով հաշվեհարդար տեսնել Ադրբեջանի հետ։

Իրավիճակն այսօր այնպիսին է, որ Հայաստանը զինվելով և ենթարկվելով Արևմուտքի ազդեցությանը սպառնում է կայունությանն այն տարածաշրջանում, որտեղ ինքն է ապրում։ Բայց հարց է, արդյ՞ոք այդ երկիրը գոյություն կունենա իր արևմտյան հովանավորների նման սցենարի իրագործումից հետո։

Հայաստանը սկսել է վազք դեպի ոչ մի տեղ...

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular