ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եվրոպացի առաջնորդները գիտակցում են Վրաստանի հետ շփվելու անհրաժեշտությունը. Իրակլի Կոբախիձե

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն կարծիք է հայտնել, որ եվրոպացի առաջնորդները գիտակցում են, որ անհրաժեշտ է խոսել Թբիլիսիի, վրացական կառավարության ղեկավարների հետ։

«Արմենպրեսի»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Sputnik գործակալության վրացական ծառայությունը՝ վկայակոչելով Կոբախիձեի հայտարարությունը Տիրանայում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովից հետո։

Նշվում է, որ Վրաստանի վարչապետը գագաթնաժողովին մասնակցել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստայի հրավերով։ 

«Ինչպես գիտեք, հաղորդակցության մեջ որոշակի սահմանափակումներ կային, և, ինչպես տեսնում եք, մեր եվրոպացի գործընկերները կարոտում էին Վրաստանի հետ հարաբերությունները։ Իրականում բոլորը պետք է գիտակցեն, որ Վրաստանը շատ կարևոր դեր է խաղում Եվրոպայի, մասնավորապես՝ Եվրամիության համար, մեր դերը տարածաշրջանում շատ կարևոր է։ Դրա հիման վրա, վերջին հաշվով, բոլորը գիտակցում են, որ անհրաժեշտ է խոսել Վրաստանի հետ, վրացական կառավարության ղեկավարների հետ։ Եվ, հավանաբար, դա արտահայտվում է նրանով, որ նախաձեռնությունները հաճախ գալիս էին եվրոպացի առաջնորդներից», -ասել է Իրակլի Կոբախիձեն։

Վրաստանի վարչապետը նշել է, որ գագաթնաժողովում հնարավորություն է ունեցել խոսելու մոտ 30 քաղաքական առաջնորդների հետ, իսկ կլոր սեղանի ժամանակ ընդգծել է «Վրաստանի նկատմամբ անարդարություններից մի քանիսը փոխելու անհրաժեշտությունը»։

Բացի այդ, հաղորդվում է, որ Տիրանայում Կոբախիձեն երկկողմ հանդիպումներ է ունեցել Սլովակիայից և Հունգարիայից իր գործընկերների՝ Ռոբերտ Ֆիցոյի և Վիկտոր Օրբանի հետ։

Նշենք, որ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցել են նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ Հայաստանի վարչապետը մի շարք հանդիպումներ է ունեցել եվրոպացի գործընկերների հետ, ինչպես նաև կարճ հանդիպումներ է անցկացրել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular