ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ընդդիմությունը կրակո՞ւմ է իր ոտքին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ընդդիմադիր խմբակցությունները չեն մասնակցի իմպիչմենտի նախաձեռնությանը, որն առաջարկել էին ԱԺ պատգամավորներ Հովիկ Աղազարյանը և Հակոբ Ասլանյանը։ Երբ երկու պատգամավորները հայտնել էին, որ որպես վարչապետի թեկնածու առաջադրելու են Էդմոն Մարուքյանի թեկնածությունը, ընդդիմությունն ամենևին չէր արձագանքել, նույնիսկ հրաժարվել էին հեռախոս վերցնել։ Ավելի վաղ Փաշինյանին իմպիչմենտ հայտարարելու՝ Էդգար Ղազարյանի ու Նարեկ Մալյանի առաջարկություններին թե՛ «Հայաստան» դաշինքը, և թե՛ «Պատիվ ունեմ» խմբակցությունը պատասխանել էին, որ իրենք կողմ են իմպիչմենտ նախաձեռնելուն, սակայն պակասում է առնվազն երկու մանդատ։

Ադ երկու մանդատի հարցը կարող է լուծվել Հովիկ Աղազարյանի և Հակոբ Ասլանյանի մասնակցությամբ։ Վերջիններս էլ, հաշվի առնելով այդ հանգամանքը, առաջադրել են Էդմոն Մարուքյանի թեկնածությունը։ Եթե ընդդիմությունը բավարարեր այս պահանջը և տար անհրաժեշտ մյուս ստորագրությունները, ապա խորհրդարանում բավականին լուրջ քննարկումներ էին տեղի ունենալու, ըստ օրենքի, տեղի էր ունենալու հարցուպատասխան, ինչպես նաև վարչապետի թեկնածուն մեկ ժամանոց ելույթ էր ունենալու։ Խորհրդարանում մեկ ժամանոց ելույթ պետք է ունենար նաև գործող վարչապետը։ Փաստացի այս կերպ քաղաքական լուրջ գործընթացներ էին տեղի ունենալու, Մարուքյանը խորհրդարանի ամբիոնից բացահայտելու էր գործող իշխանության բոլոր ստերը։

Թերևս ընդդիմադիր խմբակցություններին նման հեռանկարն ամենևին չէր ոգևորում։ Եվ խախտելով իրենց իսկ խոստումները, հրաժարվել են աջակցություն հայտնել Էդմոն Մարուքյանին։ «Պատիվ ունեմ» խմբակցությունը երեկ երեկոյան է հայտարարել, որ որոշել է չմիանալ Էդմոն Մարուքյանի առաջադրման գործընթացին։ Ըստ էության, ընդդիմությունն ինքն իր ձեռքով վիժեցնում է Նիկոլ Փաշինյանի իմպիչմենտի գործընթացը։ Սա կարելի է տարբեր կերպ մեկնաբանել, բայց փաստն այն է, որ գործընթացը վիժեցնելով, ընդդիմությունը կրակում է ինքն իր ոտքին և հանրությանն այլևս չափազանց բարդ է լինելու համոզել, թե ինչու հրաժարվեցին իրական քաղաքական գործընթաց սկսելուց։

Անի Արամյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular