ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քահանան՝ Բելառուսում առաջին Հայ Առաքելական եկեղեցու բացման մասին. այն մեր ժողովրդին ավելի կմիավորի

ՄՇԱԿՈՒՅԹ

Բելառուսում առաջին Հայ Առաքելական Եկեղեցին Բելառուսում ապրող հայերին կհիշեցնի իրենց հայրենիքի մասին։ Նման կարծիքով է լրագրողների հետ կիսվել Սուրբ Գրիգոր եկեղեցու քահանա Սարգիսը, գրում է News.mail.ru–ն։ «Տաճարը կառուցված է հայկական հրաբխային տուֆից։ Այդ քարը հատուկ բերվել է Հայաստանից։ Ներքին հարդարանքը նույնպես պատրաստված է հայկական քարից՝ տրավերտինից։ Դա մեզ միշտ կհիշեցնի մեր հայրենիքի մի կտորի մասին։ Բոլոր սրբապատկերները բերվել են Հայաստանից, և երեկ թեմի առաջնորդը օծեց թե՛ սրբապատկերները, թե՛ խաչերը, որոնք գտնվում են եկեղեցու անկյուններում։ Գմբեթի խաչը նույնպես օծվեց», - ասել է նա։

«Հայերը՝ թե՛ Հայրենիքում, թե՛ Հայրենիքից դուրս, միասնական ժողովուրդ են, բայց երբ ի հայտ են գալիս եկեղեցի և ծխական տուն, դա ավելի է միավորում ժողովրդին եկեղեցու հետ, որն էլ պատմականորեն միավորում է նրանց։ Նույնիսկ դժվարին ժամանակներում եկեղեցին փոխարինել է պետությանը, դպրոցին և կրթությանը», - հավելել է քահանան։ Նրա խոսքով պատարագները կմատուցվեն ամեն կիրակի, իսկ ապագայում, հնարավոր է, ամենօրյա աղոթքներ լսվեն հին հայերենով։

Եկեղեցու բացման և օծման համար Բելառուս էր առաջին անգամ ժամանել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ը։ Բացման արարողությանը ներկա էին նաև առաջատար կրոնական դավանանքների ղեկավարներ և ներկայացուցիչներ։ Մինսկի քաղաքային գործադիր կոմիտեի փոխնախագահ Անդրեյ Ստրիգելսկու խոսքով այդ տաճարը ոչ միայն քաղաքի զարդարանք է, այլ նաև ևս մեկ կենտրոն, որտեղ մարդիկ կարող են գնալ, որպեսի շփվեն դարավոր հայկական մշակույթի հետ։ 

Կրոնական և ազգային հարցերով հանձնակատար Ալեքսանդր Ռումակն էլ ընդգծել է, որ Բելառուսը բազմադավանական երկիր է,  ունի 25 դավանանք և կրոնական միավորում, և յուրաքանչյուր մարդ իրավունք ունի ընտրելու իր ուզած կրոնը։ «Մեր նախագահը մի անգամ ասել է, որ յուրաքանչյուր մարդ պետք է գտնի իր ճանապարհը դեպի տաճար, և այսօր նման հնարավորություն է ընձեռվում հայերին։ Թվային առումով հայերը երկրի վեցերորդ ազգությունն են։ Մեր հանրապետությունում ապրում է ավելի քան 9,5 հազար հայ», - հավելել է նա։

«Հայ Առաքելական Եկեղեցին աշխարհի ամենահին քրիստոնեական եկեղեցիներից մեկն է։ Այսօր Բելառուս է ժամանել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ը, ինչը նույնպես մեծ պատիվ է մեր երկրի համար։ Դա ընդգծում է, որ Բելառուսը խաղաղության և ներդաշնակության երկիր է։ Այստեղ ապրում են տարբեր հավատքների և ազգությունների մարդիկ, և նրանց միջև տարաձայնություններ կամ հակասություններ չկան։ Մեր երկիրը կարող է օրինակ ծառայել այլ պետությունների համար, որտեղ, ինչպես հայտնի է, շատ հակամարտություններ սկսվում են հենց կրոնական հակասությունների պատճառով», - նշել է Ալեքսանդր Ռումակը։

Բելառուսում Հայ Առաքելական Եկեղեցու առաջին և միակ տաճարի շինարարությունը, որը նախագծել է ճարտարապետ Սամվել Մակյանը, սկսվել էր 2022 թվականի օգոստոսին և ավարտվել 2025 թվականի ապրիլին։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular