«Փաշինյանը հարձակում է սկսել հոգևորականների վրա»
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Իր 50–ամյակի նախօրեին Հայաստանի կառավարության ղեկավարը սկսել է քննադատել Հայ Առաքելական Եկեղեցուն եկեղեցիների նկատմամբ անպատշաճ վերաբերմունքի համար, գրում է ng.ru-ն: Էջմիածնի Մայր Աթոռի գրասենյակի պետ, արքեպիսկոպոս Արշակ Խաչատրյանը պատասխանել է ասելով, որ Փաշինյանը ցուցաբերում է կրթության պակաս, ինչպես նաև հանրային պատշաճ հաղորդակցության և խնդիրների խորը ըմբռնման ներքին ճգնաժամ: Փաշինյանի արձագանքը չի ուշացել: Նա անպարկեշտ կերպով հայհոյել է քահանային սոցիալական ցանցերում: Նրան աջակցել է նաև կինը՝ Աննա Հակոբյանը, ով փորձել է ցրել վարչապետի անկեղծության վերաբերյալ բոլոր կասկածները: Հայկական լրատվամիջոցները ենթադրել են, որ Փաշինյանը հարձակվել է եկեղեցու վրա, որպեսի նման կերպ իր համաքաղաքացիներին ցույց տա իր պատրաստակամությունը անհաշտ պայքարի մեջ մտնելու այն էլիտայի ցանկացած ներկայացուցչի դեմ, ով խոչընդոտում է երկրի զարգացումը: Ըստ էության նա ընդօրինակել է բլոգեր Վարդան Ղուկասյանի հռետորաբանությունը, որը հայտնի է «Դոգ» անունով: Նա նախկինում ստեղծել էր «Ժողովրդի ձայն» կուսակցությունը, որը 2023 թվականին Երևանի ավագանու ընտրություններում ստացել էր ձայների 10.51%-ը: Միևնույն ժամանակ, Փաշինյանի համար կարող է ձեռնտու լինել պահպանել նման հասարակական և քաղաքական քննարկումների ցածր մակարդակը, քանի որ դա թույլ է տալիս նրան շրջանցել իր կառավարման վերաբերյալ ամենաբարդ հարցերը:
Ռուս-Հայկական Համալսարանի դոցենտ Անտոն Եվստրատովը ng.ru-ի հետ զրույցում ասել է, որ Փաշինյանի կողմից եկեղեցու վրա ճնշումը կարող է կապված լինել նաև նրա ցանկության հետ հեռացնելու Հայաստանի իշխող վերնախավի այն վերջին ներկայացուցչին, որը պահպանել է իր պաշտոնը 2018 թվականի թավշյա հեղափոխությունից հետո: «Եթե փորձենք հասկանալ կառավարության և եկեղեցու միջև հակամարտության անկեղծորեն նողկալի դրսևորումները, ապա Գարեգին կաթողիկոսը նախահեղափոխական Հայաստանի այն վերջին ներկայացուցիչն է, որն այս օրերին իրեն հարմարավետ է զգում: Միևնույն ժամանակ, եկեղեցին ընդդիմության համար ռեժիմին դիմադրության խորհրդանիշներից մեկն է: Անցյալ տարի դա երևաց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման օրինակով: Այդ առումով, Փաշինյանի ցանկությունը ազդելու կաթողիկոսի ընտրության վրա, հասկանալի է, բայց դա հակասում է ազգային ավանդույթներին: Այսպիսով, հայկական պետականությունը ներկայումս բավականին թույլ է, իսկ դրանից առաջ մի քանի դար շարունակ էլ այն ընդհանրապես գոյություն չի ունեցել: Եկեղեցին, ընդհակառակը, հայ ժողովրդի այն հենարանն է, որը միջնադարում և նոր ժամանակներում որոշ առումներով նույնիսկ փոխարինել է պետությանը», - բացատրել է Եվստրատովը:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը