Փաշինյանը կողմնակիցների բարգավաճումը տարածում է ողջ հանրության վրա
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Երեկ խորհրդարանում, անցած տարվա պետբյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը ներկայացնելիս, Նիկոլ Փաշինյանը հերթական աղմկահարույց հայտարարություն է արել։ Վաղուց արդեն ձևավորված ավանդույթ է դարձել, որ Փաշինյանն ու իր թիմը փորձում են քաղաքական և տեղեկատվական ողջ օրակարգը լցնել իրենցով, անհեթեթ, երբեմն վտանգավոր, երբեմն դավաճանական հայտարարություններով ամբողջ ուշադրությունը հանրության կենտրոնացնում են իրենց ուղղությամբ՝ քաղաքական այլ խաղացողներին փորձելով այդկերպ դուրս մղել տեղեկատվական դաշտից։
Ուստի բոլորովին պետք չէ զարմանալ Փաշինյանի և նրա թիմի անհեթեթ հայտարարություններից։ Ընդհակառակը, որքան սրվում են այդպիսի հայտարարությունները, պետք է ավելի ու ավելի մտահոգվել՝ վստահ լինելով, որ այս կերպ իշխանություններն ուղղակի շեղում են հանրության ուշադրությունն ավելի գլոբալ և վտանգավոր զարգացումներից։
Իսկ ի՞նչ է ասել Փաշինյանը երեկ։ Խոսելով իր տարիներին իբր տնտեսական ձեռքբերումների մասին, հայտարարել է․ «Սա թերևս մեզ կարող է օգնել պատասխանել հարցին՝ մարդիկ այսօր ավելի լավ են ապրո՞ւմ, թե՞ 2018-ին էին լավ ապրում։ Այս թիվը վկայություն է այն բանի, որ մարդիկ Հայաստանում ավելի լավ են ապրում և ավելի լավ են ապրում գնաճի հաշվառումով և ավելի լավ են ապրում շուրջ 50 %-ով, այսինքն՝ իրենց ապրածի կեսի չափով ավելի լավ են ապրում, ինչը սակայն չի նշանակում, որ մարդիկ Հայաստանում գոհ են իրենց կյանքից»։
Յուրաքանչյուրիս շրջապատում կարելի է հարցում անել, պարզել՝ հիմա են լավ ապրո՞ւմ, թե՞ 2018 թ․-ին, հիմա ավելի մեծ հնարավորություններ ունե՞ն գնումներ անելու, թե՞ 2018 թ․-ին։ Փաստն այն է, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք մարդիկ նույնիսկ տնտեսական ու սոցիալական առումով են սկսել վատ ապրել։ Իհարկե, Փաշինյանը հիմքեր ունի նման հայտարարություններ անելու։ Ի տարբերություն ողջ հայ ժողովրդի, Հայաստանի քաղաքացիների, անձամբ Փաշինյանը և իր թիմակիցները ոչ թե 50, այլ 500, նույնիսկ 5000 %-ով ավելի լավ են սկսել ապրել։ Գարեջրատներից գարեջուր պարտքով գնելու փոխարեն այսօր հիփոթեքով տներ են գնում, մեքենաներ, բիզնեսներ բացում, պետական գանձարանից բարձր աշխատավարձ և պարգևավճարներ ստանում։
Անի Մեհրաբյան