ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի տնտեսական շրջադարձը. թանկարժեք քարերից մինչև դիվերսիֆիկացում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Վերջին տարիներին Հայաստանի տնտեսությունը տպավորիչ աճ է գրանցել, որը հիմնականում պայմանավորված է ակտիվ արտաքին առևտրով, մասնավորապես` էլեկտրոնիկայի, արդյունաբերական սարքավորումների և թանկարժեք մետաղների վերաարտահանմամբ, գրում է Uvelir.info–ն։ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով 2024 թվականին Ռուսաստանի հետ առևտրաշրջանառությունն աճել է 56.5%-ով` հասնելով 12.401 միլիարդ դոլարի։ Դրա զգալի մասը՝ մոտ երկու երրորդը, կազմել են ոսկու, ադամանդի և զարդերի հետ կապված գործարքները, որոնք այնուհետև ուղարկվել են այնպիսի երկրներ, ինչպիսիք են Չինաստանը, Արաբական Միացյալ Էմիրությունները (ԱՄԷ) և Հոնկոնգը։ Այս հատվածը դարձել է տնտեսական գործունեության հիմնական շարժիչ ուժ, և չնայած արտաքին գործոններից դրա կախվածությունը տնտեսությունը խոցելի է դարձրել համաշխարհային միջավայրի փոփոխությունների նկատմամբ։

2022 թվականի փետրվարին հատուկ ռազմական գործողության մեկնարկով և Ռուսաստանի դեմ Արևմուտքի կողմից պատժամիջոցների կիրառմամբ` Հայաստանը դարձել է պատժամիջոցների տակ գտնվող ապրանքների մատակարարման կարևոր լոգիստիկ կենտրոն։ Հայկական ընկերությունները ակտիվորեն գնում էին էլեկտրոնիկա, էլեկտրական սարքավորումներ, հաստոցներ, արդյունաբերական սարքավորումներ և բաղադրիչներ Եվրոպայում, ԱՄՆ-ում և Ասիայում։ Մաքսազերծումից հետո այդ ապրանքներն ուղարկվել են Ռուսաստան` բերելով զգալի եկամուտ։ Մոտ մեկուկես տարի առաջ հրապարակված Fitch Ratings-ի զեկույցի համաձայն Հայաստանից Ռուսաստան մատակարարումների ծավալը 2022 թվականից ի վեր աճել է 300%-ով։ Իսկ ահա տեղական արդյունաբերությունը և ագրոարդյունաբերական համալիրը ապահովել են այդ աճի միայն մի փոքր մասը, առյուծի բաժինը կազմել է երրորդ երկրներից արտադրանքի վերաարտահանումը։ 2024 թվականի վերջին այս գործունեությունը դանդաղեց արևմտյան երկրների կողմից վերահսկողության ուժեղացման պատճառով, որոնք պահանջում էին սահմանափակել կրկնակի նշանակության ապրանքների մատակարարումը Ռուսաստան շրջանցելով պատժամիջոցները։

Ոսկերչական արդյունաբերություն.  միջնորդի դերը և աճի ներուժը

Հայաստանի տնտեսությունում առանձնահատուկ տեղ էին զբաղեցնում թանկարժեք մետաղների և քարերի հետ կապված գործարքները, որոնք հիմնականում ռուսական ծագում ունեին։ 2022 թվականին երկիր է ներմուծվել 89 տոննա ոսկի՝ 5.2 միլիարդ դոլար արժողությամբ, իսկ 2023 թվականին 111 տոննա՝ 6.2 միլիարդ դոլար արժողությամբ։ 2024 թվականին այս միտումը շարունակվել է, թեև դինամիկայի որոշակի անկմամբ։ Ռուսաստանից ներմուծված ոսկու գրեթե ամբողջ ծավալը և ադամանդների 82.7%-ը վերաարտահանվել է ԱՄԷ, իսկ մասամբ Հոնկոնգ։ Այս գործողությունները ուղեկցվել են զգալի ֆինանսական հոսքերով, 2022 թվականին ԱՄԷ-ից Հայաստան է հոսել 1.45 միլիարդ դոլար կանխիկ և արժեթղթեր։

Վերաարտահանման գործում կարևոր դեր են խաղացել այնպիսի հայկական ընկերություններ, ինչպիսիք են «Երևանի ոսկերչական գործարանը» (կապված իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի հետ), «Դայմոնդ Ստանդարտը», «Թի Բի Արմը» և «Վին-Գոլդը»։ Ոսկու ձուլակտորներն ու զարդերը նշագրվել են Հայաստանի փորձաքննության գրասենյակի կողմից, ինչը թույլ է տվել ազատել արտադրանքը պատժամիջոցներից։ Սակայն տեղական ոսկերչական արդյունաբերությունը էական ավելացված արժեք չի ստեղծել սահմանափակվելով միայն հավաստագրմամբ և վերագրանցմամբ։ Դա թույլ է տվել ոլորտին ցույց տալ արտահանման աճ՝ 2020 թվականի 26 միլիոն դոլարից հասնելով 2023 թվականի 499 միլիոն դոլարի։ Վիճակագրական կոմիտեի տվյալներով 2024 թվականին թանկարժեք մետաղների և քարերի հետ կապված գործարքները կազմել են ավելի քան 8 միլիարդ դոլարի վերաարտահանում, ինչը կրկնակի ավելի է, քան 2023 թվականի ցուցանիշները։ Սակայն, այս գործարքներից մի քանիսը, հավանաբար, չեն արտացոլվել հարկային հաշվետվություններում։

Տնտեսական ռիսկեր և փորձագիտական ​​կարծիքներ

ՀՀ նախկին ֆինանսների նախարար Վարդան Արամյանը շեշտել է, որ թանկարժեք մետաղների վերաարտահանումից կախվածությունը լուրջ անհավասարակշռություններ է ստեղծում արտաքին առևտրում և մեծացնում է տնտեսության խոցելիությունը։ Նրա կարծիքով, 2025 թվականի բյուջեն ռիսկեր է պարունակում պայմանավորված աշխարհաքաղաքական գործընթացների անկանխատեսելիությամբ և վերաարտահանումից ստացված եկամուտների վրա ազդող արտաքին գործոններով։ Այս կանխատեսումները սկսել են հաստատվել արդեն 2025 թվականի սկզբին, երբ թանկարժեք մետաղների և զարդերի հատվածի անկումը դարձավ արտաքին առևտրի ցուցանիշների վատթարացման հիմնական պատճառը։

Արդիական մարտահրավերներ. վերաարտահանման և ներքին արտադրության անկում

2025 թվականի առաջին եռամսյակում Հայաստանի տնտեսությունը նկատելի դանդաղում է ապրել։ Արևմտյան երկրների կողմից թանկարժեք մետաղների ծագմանը հետևելու ավելի խիստ վերահսկողությունը և նոր միջոցառումները նվազեցրել են վերաարտահանման հնարավորությունները։ Արտաքին առևտրում ոսկու և ադամանդի գործարքների մասնաբաժինը 2024 թվականի 66.1%-ից (6.5 միլիարդ դոլար) նվազել է մինչև 21.6% 2025 թվականին։ Դա հանգեցրել է արտաքին առևտրաշրջանառության կտրուկ անկման, 2024 թվականի 212% աճից մինչև 54.2% անկում 2025 թվականին։

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) մաքսային քաղաքականության փոփոխությունները ևս ազդել են ոսկերչական արդյունաբերության վրա։ 2020 թվականից ի վեր Ռուսաստանը առաջարկել է վերացնել թանկարժեք քարերի և փոքր չափի (մինչև 0.2 կարատ) ադամանդների ներմուծման մաքսատուրքերը, սակայն այս առաջարկը արգելափակվել է Հայաստանի կողմից։ Քարերի վրա դրված բարձր մաքսատուրքերը երրորդ երկրներից պատրաստի զարդերի ներմուծումն ավելի շահավետ է դարձրել, քան ԵԱՏՄ-ի շրջանակներում արտադրությունը։ Սակայն, 2025 թվականին Ռուսաստանը և ԵԱՏՄ-ի նրա գործընկերները համաձայնեցին զրոյացնել ԱՄԷ-ի հետ ոսկերչական իրերի առևտրի վրա դրված մաքսատուրքերը, ինչը նվազեցրեց հայկական միջնորդական գործողությունների գրավչությունը։ 2024 թվականին ներքին ոսկերչական իրերի արտադրությունը նվազել է 32.2%-ով կազմելով 135.4 միլիոն դոլար։

2025 թվականի առաջին եռամսյակի տնտեսական ցուցանիշները արտացոլում են ընդհանուր դանդաղում։ Արդյունաբերական արտադրությունը նվազել է 18.5%-ով, այդ թվում առկա է փայլաթիթեղի (-20%), պղնձի և մոլիբդենի խտանյութերի (-40%) արտադրության անկում։ Արտահանման մյուս ոլորտները նույնպես տուժել են, գինու արտադրությունը նվազել է 33.3%-ով, կոնյակի արտադրությունը 45.3%-ով, իսկ հագուստի արտադրությունը 16.5%-ով։ Տնտեսական աճի տեմպը կազմել է 4.1%՝ կանխատեսված 5%-ի դիմաց, ինչը վկայում է տնտեսական ռազմավարության ճշգրտման անհրաժեշտության մասին։

Հեռանկարներ և հնարավորություններ

Արդի մարտահրավերները ընդգծում են Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացման կարևորությունը։ Վերաարտահանման գործունեության անկումը հնարավորություններ է բացում տեղական արդյունաբերության զարգացման համար, այդ թվում` ոսկերչության, գինեգործության, տեքստիլի և գյուղատնտեսության։ Տեխնոլոգիաների, վերապատրաստման և միջազգային շուկաներում դիրքերի ամրապնդման մեջ ներդրումները կարող են հիմք հանդիսանալ կայուն աճի համար։ Հայաստանը իր հարուստ մշակութային ժառանգությամբ, որակավորված աշխատուժով և ռազմավարական աշխարհագրական դիրքով, ունի ներուժ ամրապնդելու տնտեսական կապերը ավանդական գործընկերների (Ռուսաստան, ԵԱՏՄ երկրներ) և նոր շուկաների (ԱՄԷ, Չինաստան, Հնդկաստան) հետ։ Մեր սեփական ոսկերչական արդյունաբերության զարգացումը, ներառյալ զարդերի կտրումը և արտադրությունը, կարող է մեծացնել ավելացված արժեքը և նվազեցնել միջնորդներից կախվածությունը։ Արտահանման վրա կենտրոնացած այնպիսի ոլորտներին, ինչպիսիք են գինին և տեքստիլը, աջակցությունը նույնպես կարող է ամրապնդել տնտեսական կայունությունը։

Առկա դժվարությունների հաղթահարումը կպահանջի հավասարակշռված մոտեցում, ներառյալ կառավարության աջակցությունը նորարարություններին, ենթակառուցվածքների զարգացմանը և ներդրումների ներգրավմանը։ Հայաստանի տնտեսությունը գտնվում է վերափոխման շեմին, և ներքին ռեսուրսների ու արտաքին հնարավորությունների գրագետ օգտագործումը թույլ կտա երկրին վստահորեն առաջ շարժվել։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular