Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Ամենափոքր ավտոմեքենա
ՖՈՏՈ
Արտադրված մեքենաների հսկայական բազմազանության մեջ կան մեքենաներ, որոնք զարմացնում են իրենց հզորությամբ, շքեղությամբ, ձևով կամ տեխնոլոգիայով։ Սակայն նրանց մեջ կան իսկապես եզակի անհատներ, «հայտնի և հռչակավոր» բոլորովին այլ որակների համար։ Peel P50-ը հենց այդպիսի մեքենա է։ Այն մտել է պատմության մեջ իր փոքր չափսերի շնորհիվ։ Այդ եռանիվ միկրոմեքենա-մոտոցիկլետը մինչ օրս կրում է աշխարհի ամենափոքր սերիական մեքենայի տիտղոսը։
Peel P50-ի պատմությունը սկսվել է Մեն կղզում, որն Իռլանդական ծովում գտնվող բրիտանական փոքրիկ տարածք է։ Այնտեղ հասարակական տրանսպորտը թույլ էր զարգացած, բացի դա շատ մարդիկ չէին կարողանում իրենց թույլ տալ անձնական մեքենաներ։ 1955 թվականին կղզում հիմնադրվել է Peel Engineering ընկերությունը, որը սկզբնապես մասնագիտանում էր ապակեպլաստե նավակների արտադրության մեջ։ Ընկերությունը հիմնադրվել էր ինժեներ Սիրիլ Քեսնելի կողմից։ 1960-ականների սկզբին ընկերության ղեկավարությունն առաջ է քաշել մի օրիգինալ և հավակնոտ գաղափար՝ ստեղծել ամենափոքր և մատչելի տրանսպորտային միջոցը, որը կարող է պաշտպանել իր «հեծյալին» Մեն կղզում այդքան տարածված վատ եղանակից։ Այսպես էլ ի հայտ եկավ միկրոմեքենայի կոնցեպտ, որը պետք է համատեղեր նվազագույն չափսերը և առավելագույն գործնականությունը։ Այդ միկրոմեքենան շուկա մտավ հետևյալ կարգախոսով. «Գրեթե ավելի էժան, քան քայլելը»։ Մշակման հիմնական «սկզբունքները» դարձան միատեղանի լինելը, նվազագույն չափսերը, չափազանց պարզ կառավարումը և ծախսարդյունավետությունը։
Peel P50-ը ստեղծվել է 1962 թվականին։ Այն զարմացրել է իր պարամետրերով և բնութագրերով։ Մինիմալիզմ. երկարություն 134 սմ, լայնություն 99 սմ, բարձրություն 100 սմ, քաշ 59 կգ, հզորություն 4.2 ձիաուժ, առավելագույն արագություն 60 կմ/ժ, վառելիքի սպառում 2.8 լիտր 100 կմ-ի համար: Peel P50-ը հայտնի է իր բազմաթիվ անսովոր լուծումներով, որոնք այն դարձնում են ոչ միայն միկրոմեքենա, այլ նաև ավտոմոբիլային արդյունաբերության փայլուն ինժեներական նվաճում։ P50-ը հետընթաց չունի, բայց ստեղծողները լուծում են գտել այդ խնդրի համար. մեքենայի հետևի մասում տեղադրվեց հատուկ բռնակ, որի օգնությամբ տերը կարող էր բառացիորեն մեքենան բռնել «պոչից» և շրջել այն ցանկալի ուղղությամբ կամ քարշ տալ կայանատեղի։
Մեքենայի սերիական արտադրությունը տևել է երեք տարի և արտադրվել են մոտ 50 P50-ներ։ Նոր մեքենայի արժեքը հարյուր իննսունինը ֆունտ ստեռլինգ էր, որն այսօրվա համարժեքով մոտ չորս ու կես հազար դոլար է։ Արտադրությունը լիովին ձեռքով էր։ 1965 թվականին ընկերությունը ներկայացրել է Trident-ը՝ P50-ի բարելավված տարբերակը՝ թափանցիկ գմբեթավոր վերևով, որը մեքենային տալիս էր փոքր տիեզերանավի տեսք։ Սակայն ո՛չ P50-ը, ո՛չ էլ Trident-ը ընկերությանը զգալի շահույթ չեն բերել և արտադրությունը դադարեցվել է 1960-ականների վերջին։
Peel P50-ի պատմությունը կարելի էր համարել ավարտված, եթե 21-րդ դարում այդ մոդելի նկատմամբ հետաքրքրության անսպասելի աճ չլիներ։ 2010 թվականին ձեռնարկատերեր Գարի Հիլմանը և Ֆաբրիցիո Ջորջետին ձեռք բերեցին Peel ապրանքանիշի իրավունքները և հայտարարեցին լեգենդար միկրոմեքենաների արտադրությունը վերսկսելու մասին։ 2011 թվականին սկսվեցին արտադրել P50-ի և Trident-ի կրկնօրինակները։ Peel P50-ի ժամանակակից տարբերակն արժե մոտ 15,000 ֆունտ ստեռլինգ։ Հիմա էլ այդ միկրոմեքենաների պահանջարկը մնում է կայուն ավտոսիրահարների և կոլեկցիոներների շրջանում։
Կ. Խաչիկյան
