Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Ստենդային հրաձգություն
ՖՈՏՈ
Հնագույն սպորտաձևերից մեկը նետաձգությունն էր, երբ մարդիկ մրցում էին աղեղից և արբալետից ճշգրիտ կրակելու ունակությամբ։ Եվ հրազենի ի հայտ գալով, մարդիկ անցան դրան։ Ստենդային հրաձգության արմատները հասնում են մինչև որսորդների մրցումների ժամանակները, երբ հրացաններով կրակում էին թռչունների վրա։
Շատերը սպորտային հրաձգության ծննդավայր համարում են Շվեյցարիան։ Հենց այնտեղ էլ 1842 թվականին անցկացվել է հրաձգության առաջին առաջնությունը։ Շուտով հրաձգության սպորտաձևերը սկսել են ներթափանցել Եվրոպայի և աշխարհի այլ երկրներ։ Ֆրանսիան 1897 թվականին կազմակերպել է աշխարհում առաջին մրցաշարը հրաձգության մեջ։
Հրաձգությունը հիմնականում իրականացվում էր անշարժ թիրախների վրա, ինչը հատուկ հմտություններ չէր պահանջում կրակողներից։ Հետո սկսեցին կենդանի աղավնիներ օգտագործել որպես թիրախներ։ Դա հանգեցրեց ստենդային հրաձգության զարգացմանը Եվրոպայում։ Որոշ կրակողներ, մարդկայնությունից դրդված, հրաժարվեցին այդ տեսակի կրակոցներից և շարունակեցին մարզվել ոչ կենդանի թիրախների վրա։ Բայց Լիտովսկի անունով մի ամերիկացի 1880 թվականին հորինեց սարքավորումներ, որոնք նետում էին թիրախներ՝ թիթեղների տեսքով։ Թիթեղ-թիրախները պատրաստված էին ոչ թե կավից, այլ ավելի փխրուն նյութից։ Նետող մեքենան նետում էր թիթեղները տալով դրանց պտտվող շարժում՝ ընդօրինակելով թռչնի թռիչքը։ Դրանից հետո շատ երկրներ սկսեցին իրենց մարզադաշտերը հագեցնել նման նետման սարքերով։
Հետո ստենդային հրաձգությունն այնքան տարածված դարձավ, որ այն ընդգրկվեց 1900 թվականին Փարիզում կայացած 2–րդ Օլիմպիական խաղերի ծրագրում։ 1935 թվականից ի վեր սկսեցին անցկացվել նաև աշխարհի առաջնություններ։ Օլիմպիական խաղերում, Եվրոպայի և աշխարհի առաջնություններում կրակելու կանոնները հաճախ փոխվում էին, օրինակ 1963 թվականին շրջանաձև ստենդի վրա մրցումներում նետման թիրախների հեռավորությունը մեծացվեց 10 մետրով։
Հետպատերազմյան շրջանը կարելի է համարել ստենդային հրաձգության զարգացման նոր փուլ, քանի որ սկսել էին արտադրել պրոֆեսիոնալ զենքեր և այլ նետող սարքեր։ Կոնկրետ ԽՍՀՄ–ում 1980 թվականի Մոսկվայի Օլիմպիական խաղերը դարձան կարևոր իրադարձություն ստենդային հրաձգության զարգացման գործում։ Ասենք, որ այդ սպորտաձևի զարգացումն արագ չի եղել, հիմնականում սարքավորումների բարձր գնի պատճառով, քանի որ սովորական մարդիկ երկար ժամանակ չէին կարող դա թույլ տալ իրենց։ Սակայն այժմ այդ սպորտաձևը դարձել է ավելի մատչելի և ամեն ինչ արվում է դրա հետագա զարգացման համար։
Կ. Խաչիկյան
