ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մարզչական կարիերա չունեցողին վստահել են 19 տարեկանների հավաքականը. ֆեդերացիայի հերթական հակաֆուտբոլային քայլը. «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայկական ֆուտբոլի աղետալի վիճակի մասին խոսելը թերեւս անիմաստ է, ու ասելիք եւ անելիք, թվում է, թե չկա, բացի ՀՖՖ այս թիմի հեռացումից՝ ի դեմս Արմեն Մելիքբեկյանի ու ֆեդերացիայի իրական ղեկավար Արմեն Նիկողոսյանի։

Դժգոհության հանրային ալիքը դեռ իր ասելիքը կասի այս մարդկանց, սակայն մինչ այդ տեղի ունեցավ հերթական աբսուրդային որոշումը, որը կայացրեց ֆուտբոլի ֆեդերացիան. Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել աշխարհահռչակ ֆրանսահայ ֆուտբոլիստ, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Յուրի Ջորկաեֆի եղբայրը, ով, ըստ բաց աղբյուրների ուսումնասիրության, չունի մարզչական աշխատանքի փորձ, ավելին՝ Միշա Ջորկաեֆն ի տարբերություն եղբոր՝ երբեք բարձրակարգ թիմերում չի խաղացել, ու համեմատություն տանել եղբոր անցած ճանապարհի հետ անիմաստ է։

Հարցն այստեղ այն է, որ, փոխանակ խելքները գլուխները հավաքեն անդադար պարտություններից հետո ու գոնե կանգնեցնեն հայկական ֆուտբոլի գահավիժումը, հավաքեն ոլորտի գիտակների, հակառակը՝ առաջնորդվում են անհաշվարկ ու անհիմն նշանակումներով, որոնք նույնիսկ չեն բացատրվում։ Նույնիսկ ՀՖՖ պաշտոնական կայքում այդ մարդու կենսագրությունը չկա: Ֆուտբոլային գիտակ, ավագ սերնդի ներկայացուցիչներից մեկը մեզ հետ զրույցում հայտնեց, որ «սրանք (ՀՖՖ ներկա ղեկավարները) հայկական ֆուտբոլը դարձրել են որբի գլուխ՝ երբ ինչ ուզում անում են այդ որբի գլխի հետ»։ Իսկ 2026թ.-ի ընտրություններին պատրաստվող Նիկոլ Փաշինյանը կարծես այս ամենին նայում է մատների արանքով, կամ նրան դուր է գալիս հայկական ֆուտբոլի պարտված ու ողբալի վիճակը։

Հ.Գ. երեկ համակարգից ոստիկան հեռացվեց՝ լրագրողի հետ կոպիտ վարվելու համար, օրեր առաջ Վ. Սարգսյանի անվան մարզադաշտում նախկին ոստիկան հարյուրավոր մարդկանց աչքի առջեւ բռունցքով հարվածեց անչափահաս ֆուտբոլասերի, բայց մինչ օրս այդպես էլ չի պատժվել»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular