Սյունիքի սահմանը լարված է, ադրբեջանցիներն ավելի ինտենսիվ են կրակում
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Մինչ Իրան–Իսրայել հակամարտությունը շարունակվում է ու խորանում, անհանգիստ իրավիճակ է նաև ՀՀ սահմանին. մի կողմից՝ Նախիջևանում մեկնարկել են Ադրբեջանի և Թուրքիայի զինված ուժերի համատեղ զորավարժությունները, հսկայական զինտեխնիկա է տեղակայվել Երևանից ընդամենը 70կմ հեռավորության վրա, մյուս կողմից՝ տարածաշրջանում լայնամասշտաբ պատերազմ է ուրվագծվում։
Այս ամենի ֆոնին՝ ի՞նչ իրավիճակ է Հայաստան–Ադրբեջան սահմանին, արդյո”ք ադրբեջանցիները Սյունիքում շարունակում են կրակել հայկական գյուղերի ուղղությամբ․ MediaHub–ը կապ հաստատեց Խոզնավարի բնակչի հետ, ով նշեց, որ ադրբեջանական կողմը կրակում է ավելի ինտենսիվ։
«Չէ հա, ի՞նչ դադարել, ավելի ինտենսիվ են սկսել կրակել։ Ե՞րբ ա դադարել, չկա նման բան, ամենօրյա ռեժիմով կրակում են մարտից սկսած, իսկ հիմա ավելի են ակտիվացել, ինչ Իրան-Իսրայել պատերազմն ա սկսել»,- նշեց Խոզնավարի բնակիչը։
Ըստ սյունեցու՝ ադրբեջանցիները փոխել են կրակոցների ժամերը․ «Հիմա ժամը 23:00–ին են կրակում, ժամը 1:00–ին են կրակում, ոչ մի օր դադար չի եղել։ Ադրբեջանցիների շարժ եղել է ու կա սահմանին, պատրաստ կանգնած են սահմանին, էս հատվածներում են զորավարժությունները։ Էս ժողովրդից բան չեմ հասկանում, զոմբիների նման ապրում են, կողքը պատերազմ ա, ամեն օր կրակում են մեր տներին, բայց թե՛ մեր գյուղում, թե՛ կողքի գյուղերում մարդիկ ապրում են, կարծես ոչ մի բան տեղի չի ունենում։ Գան, հասնեն մեր տներին՝ զոմբիների պես մեկ է ապրելու են»։
Սյունեցիները չգիտեն՝ ի՞նչ է տեղի ունենալու ապագայում, արդյո՞ք ադրբեջանցիները, սովորական դարձած կրակոցներից, կանցնեն լայնամասշտաբ հարձակման, կօգտվի արդյո՞ք Ադրբեջանը տարածաշրջանում պատերազմից և լարվածությունից։
Խոզնավարցիները չգիտեն՝ ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը գոնե մեկ ստատուս չի գրում սահմանային իրավիճակից, նրանից, որ մարտից սկսած ադրբեջանցիները կրակում են ՀՀ բնակելի տներին, ինչո՞ւ Փաշինյանը ոչինչ չի անում, արդյո՞ք երկրի ղեկավարին այդքան մեկ է սահմանին տիրող լարվածությունը․․․