ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Թրամփի փափուկ մուտքը Հարավային Կովկաս»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայիս արտաքին քաղաքականությունը կենտրոնացած է երկու հակամարտությունների վրա՝ ուկրաինական և մերձավորարևելյան, գրում է checheninfo.ru–ն։ Նա արդեն որոշակի առաջընթաց է գրանցել ուկրաինական կարգավորման հարցում, նրա թիմը մի քանի հանդիպումներ է ունեցել Ռուսաստանի հետ Ռիադում, Մոսկվան և Վաշինգտոնը փոխանակվել են պաշտոնյաների այցելություններով, Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև ուղիղ բանակցություններ են սկսվել Ստամբուլում։

Պաղեստինում ամեն ինչ ավելի բարդ է։ Թրամփի նախազգուշացումներին հակառակ, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն «Գեդեոնի կառքերը» անվամբ նոր ռազմական գործողություն է սկսել Գազայում, իսկ Իսրայելի պաշտպանության բանակը սպառնում է հարվածել Իրանի միջուկային օբյեկտներին։ Իրանի հետ իրավիճակն ավելի լավ է, Պետդեպարտամենտը շարունակում է հանդիպումներ ունենալ Իրանի արտաքին գործերի նախարարության հետ Հռոմում և Մանամայում։

Այս երկու լայնածավալ գործընթացների ֆոնին մյուս ոլորտները մնում են որոշ չափով ստվերում, բայց սխալ կլինի մտածել, որ Թրամփն անտեսել է դրանք։ Մասնավորապես, դա վերաբերում է Հարավային Կովկասին, որտեղ վերջերս դիվանագիտական շրջագայություն է կատարել պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի տեղակալ Ջոշուա Հեքը։ Նա նոր մարդ չէ Պետդեպարտամենտում, քանի որ նույն պաշտոնում աշխատել է նաև Ջո Բայդենի վարչակազմի օրոք։

Հիշեցնենք, որ նրա նախորդ ղեկավար Էնթոնի Բլինկենի օրոք Պետդեպարտամենտն ակտիվ էր տարածաշրջանում ինչպես հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը մասնակցելու փորձերում, այնպես էլ «ոչ ժողովրդավարական երկրների» վրա ճնշում գործադրելու հարցում։ Բլինկենը փորձում էր Ռուսաստանից խլել նախաձեռնությունն Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացում: Մասնավորապես նա Վաշինգտոնում ընդունել էր երկու հանրապետությունների արտաքին գործերի նախարարներին։ Բլինկենի օգնական Ջեյմս Օ'Բրայենը մեղադրել էր Բաքվին 2023 թվականի նոյեմբերին Երևանի նկատմամբ ուժ կիրառելու մեջ և հայտարարել Ադրբեջանին տրամադրվող օգնության դադարեցման և ԱՄՆ-ի և Ադրբեջանի միջև այցելությունների չեղարկման մասին։ 2024 թվականին էլ Պետդեպարտամենտը ճնշում էր գործադրել Վրաստանի վրա, և Ջոշուա Հեքը որպես Օ'Բրայենի տեղակալ քննադատել էր «օտարերկրյա գործակալների մասին օրենքն» այն անվանելով ոչ ժողովրդավարական: Ջո Բայդենի նախագահության տարիներին ԱՄՆ-ն ընդհանուր առմամբ շատ ագրեսիվ և վճռականորեն էր վարվում Հարավային Կովկասում, ինչն օտարացնում էր և՛ Վրաստանին, և՛ Ադրբեջանին: Այժմ Սպիտակ տանը կա մի նախագահ, որը մտածում է ռացիոնալ, ինչպես գործարար: Նա կասեցրել է USAID-ի աշխատանքը և պայքարում է «խորքային պետության» դեմ, իսկ ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդում զտումներ են ընթանում: Այս ֆոնին կարելի է ակնկալել, որ Պետդեպարտամենտի և Սպիտակ տան պրագմատիկ կուրսը, որը դիտարկվել է Իրանում և Ուկրաինայում, կշարունակվի նաև Հարավային Կովկասում:

Ջոշուա Հեքը Երևան էր ժամանել մայիսի 29-ին: Հայաստանում նա հանդիպել էր արտգործնախարար Արարատ Միրզոյանի, Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի և Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ: Նա ՀՀ արտգործնախարարի հետ քննարկել էր երկրների միջև ռազմավարական գործընկերության հարցեր: Միրզոյանը խոսել էր տարածաշրջանում խաղաղություն հաստատելու և Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիր կնքելու հնարավորության մասին:

Երևանից ամերիկացի դիվանագետը մեկնել էր Բաքու։ Այնտեղ նրան ընդունել էր Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։ Նրանք քննարկել էին ինչպես երկկողմ հարաբերությունները, այնպես էլ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը։ Երկկողմ օրակարգում Պետդեպարտամենտը հետաքրքրված է էներգետիկ նախագծերով, մասնավորապես վերականգնվող էներգիայի ոլորտում, տրանսպորտի և կապի հարցերով, այդ թվում Կենտրոնական Ասիան Եվրոպայի հետ Ադրբեջանի միջոցով կապելով։

Հայ-ադրբեջանական հարաբերությունների թեմայում Վաշինգտոնը զգուշանում է հնարավոր նոր սրացումից, որի հետքերը զգացվել են վերջին օրերին։ Հաքի տարածաշրջան այցից մի քանի օր առաջ խոսելով պետքարտուղար Մարկո Ռուբիոն էր խոսել Բաքվի և Երևանի միջև նոր բախման «իրական ռիսկի» մասին, որը «մենք կցանկանայինք կանխել»։ Ռուբիոն այդ հարցը քննարկել էր իր թուրք գործընկեր Հաքան Ֆիդանի հետ, և այդ հարցում ԱՄՆ-ը հույսը դնում է Թուրքիայի օգնության վրա։

Հաքանի հետ հանդիպման ժամանակ Բայրամովը նրան տեղեկացրել էր Ադրբեջանի դիրքորոշման, Հայաստանի հետ բանակցությունների ընթացքի և ճանապարհին առկա խոչընդոտների մասին, այն է Երևանի անհամաձայնությունը հանելու Լեռնային Ղարաբաղի նկատմամբ տարածքային պահանջները Հայաստանի Սահմանադրությունից և լուծարելու ԵԱՀԿ Մինսկի խումբը նախքան խաղաղության պայմանագիրը ստորագրելը։

Ինչպես երևում է, Պետդեպարտամենտը չի մտադրվում հաշտվել ԱՄՆ-ի  հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացից իր ժամանակավորապես բացառման հետ։ Թրամփի վարչակազմը կփորձի ներթափանցել գործընթացի մեջ, և դրա համար կօգտագործի կարևոր հաղթաթուղթը՝ պրագմատիզմը, ներքին գործերին չմիջամտելու վրա հիմնված այն –իզմը, որը հատկապես կարևոր է Բաքվի հետ երկխոսության համար: Իզուր չէ, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բացահայտորեն համակրանք էր հայտնել Թրամփի նկատմամբ ընտրություններից շատ առաջ: ԱՄՆ-ի համագործակցությունը Թուրքիայի հետ Ուկրաինայի և Մերձավոր Արևելքի հարցերում լրացուցիչ խթան կհաղորդի Մարկո Ռուբիոյի ջանքերին, իսկ Սպիտակ տան Կրեմլի նկատմամբ կուրսի մեղմացումը կարող է որոշ չափով թուլացնել Հարավային Կովկասում Ռուսաստանի հետ ԱՄՆ/ՆԱՏՕ-ի շարունակական մրցակցությունը:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular