Տղաս նիհարել էր, դեմքին գույն չկար․ գերիների ծնողներին տեսագրություն են ուղարկել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Մի քանի ամիս ընդմիջումից հետո Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները հնարավորություն են ունեցել տեսակցելու Ադրբեջանում անօրինական պահվող հայ գերիներին։ MediaHub-ը կապ հաստատեց գերեվարված տղաներից մեկի մոր հետ, ով գերեվարվել էր դեռ 2023 թ-ի սեպտեմբերին՝ ռազմագերու կարգավիճակով։
«Դադարից հետո Կարմիր խաչն այցելել էր մեր գերեվարված տղաներին, իհարկե, հերթական հաղորդագրությունն են տարածել, բայց դա կապ չունի, մենք՝ ծնողներս, ուրախ ենք, որ մեր երեխաներին, մեր հարազատներին այցելող է եղել... Ես չեմ պատկերացնում, որ դա չլինի՝ ի՞նչ ենք անելու»,- ասաց նա։
Հիշեցնենք, որ Ադրբեջանը փակում է իր երկրում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցչությունը: Գերեվարվածների հարազատները կարծում են, որ Կարմիր խաչը փակելով՝ կլինեն և՛ քաղաքական, և՛ հումանիտար, և՛ իրավական մեծ հետևանքներ, քանի որ Կարմիր խաչը միակ միջազգային կառույցն է, որը տեղեկություն է տարածում ռազմագերիների մասին։
«Տեսագրություններ էլ են մեզ ուղարկում, երկու ամիս առաջ տղաս նորմալ, առողջ վիճակում էր, իսկ այժմ ուղարկված տեսագրությունում տղաս նիհարել էր, դեմքին գույն չկար, գնալով վիճակն ավելի է վատանում բոլոր գերիների»,- ասաց գերեվարվածի ծնողը։
Եթե ԿԽՄԿ-ն վերջնականապես փակվի, ըստ մեր զրուցակցի, կավելանան բռնությունները, ճնշումները, խտրական վերաբերմունքը, կդժվարանա բժշկական օգնության հասանելիությունը մեր գերիների համար և կապը ընտանինքների հետ կդժվարանա:
«Եթե հիմա գոնե մի քիչ կապ կա, ապա ԿԽՄԿ-ի բացակայության դեպքում կապ ընդհանրապես չի լինի։ Չորեքշաբթի օրը կրկին պետք է զանգեն.... ոչինչ էլ չկա, ձգձգվող դատավարություններ են, հույս ունենք, իհարկե, որ եթե այդ «խաղաղության պայմանագիր» կոչվածը ստորագրվի, մեր երեխաները կվերադառնան, բայց դեռ վաղ է խոսել, ոչինչ չգիտենք»,- հավելեց նա։
Նշենք, որ պաշտոնական տվյալներով՝ Բաքվում պահվում է 23 հայ գերի, որոնցից 5-ը գերեվարվել են 2020 թվականին, իսկ մնացածը՝ 2023-ին։ Նրանց թվում են նաև Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության նախկին և ներկա 8 ներկայացուցիչներ՝ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, Արցախի ՊԲ նախկին հրամանատար, գեներալ Լևոն Մնացականյանը, գեներալ Դավիթ Մանուկյանը և Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։