««Կարապետյանի գործը». ինչո՞ւ դա միլիարդատիրոջ և ՀՀ վարչապետի միջև միայն անձնական հակամարտություն չէ»
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Երևանի դատարանի կողմից «Տաշիր» խմբի ղեկավար Սամվել Կարապետյանին ձերբակալելու որոշումը թարմացրել է Հայաստանի ներքաղաքական օրակարգը, գրում է forbes.ru–ն: Մինչև վերջերս հայկական քաղաքականությունը գրեթե բացառապես քննարկվում էր Ադրբեջանի հետ չլուծված հակամարտության համատեքստում: Այժմ Ղարաբաղի հարցը, կարծես, փակված է, բայց խաղաղության համաձայնագիրը դեռևս չի ստորագրվել: Առանց դրա էլ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորումն է ակնհայտորեն կանգ առնում: Այսպիսով, Հայաստանում ստեղծված իրավիճակն առաջ քննարկվում էր հիմնականում «աշխարհաքաղաքական» համատեքստում։ Եվ, առաջին հայացքից, դա տրամաբանական է, քանի որ հնգամյա ժամանակահատվածի համար հիմնականը խորհրդարանական ընտրություններն են, որոնք կկայանան 2026 թվականին։ Եվ, ամենայն հավանականությամբ, ի տարբերություն նախորդ երկուսի, դրանք տեղի կունենա ժամանակին։ Նիկոլ Փաշինյանի կառավարությանն անվստահության հայտնելու փորձերը, ինչպես և սպասվում էր, ձախողվում են, քանի որ ընդդիմությունը բավարար ձայներ չունի Ազգային ժողովում։ Իսկ իրենք՝ընդդիմադիրները, խորհրդային ֆիլմի հերոսի խոսքերով, «մեծ անձնական թշնամանք» են տածում միմյանց նկատմամբ։
Ավանդական կուսակցությունները զանգվածային բողոքի ակցիաներ չեն կազմակերպում։ Հայ Առաքելական Եկեղեցու քահանա Բագրատ Գալստանյանի նման «ոչ համակարգային» հասարակական գործիչների փորձերը նույնպես անհաջող են։ Նրա ստեղծած «Սրբազան պայքար» շարժումը արդյունավետ ընդդիմադիր ուժ չդարձավ։
Եվ հանկարծ, այս ֆոնին, առաջանում է անկայունության կետ՝ Նիկոլ Փաշինյանի և ՀԱԵ առաջնորդ Գարեգին II-ի միջև հակամարտությունը, որը նոր երևույթ չէ։ Դեռևս 2021 թվականին՝ Լեռնային Ղարաբաղի կորստի և արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախօրեին բողոքի ալիքի ֆոնին, կաթողիկոսը կոչ արեց վարչապետին հրաժարական տալ: Սակայն այսօր «եկեղեցական հակամարտությունը» միայն պատմություն չէ այն մասին, թե ինչպես է վարչապետը վիճում կաթողիկոսի հետ, և ոչ էլ տեղեկատվական պատերազմում «սև PR» է, չնայած դա էլ կա: Նոր դիմակայությունը նման է ձագարի, որի մեջ ներքաշվում են նոր խաղացողներ ստեղծելով լարվածության նոր կետեր: Օրինակ եկեղեցին ձեռք է բերել այնպիսի լուրջ կողմնակից, ինչպիսին է 59-ամյա միլիարդատեր և «Տաշիր» հոլդինգի ղեկավար Սամվել Կարապետյանը: Եվ, ոչ պակաս կարևոր է նրա Ռուսաստանի քաղաքացիությունը ու ազդեցիկ լինելը, որն ավտոմատ կերպով իրադարձություններին տալիս է միջազգային չափում։
Երբ երկրում 2018 թվականի ապրիլին տեղի ունեցավ «թավշյա հեղափոխությունը», Փաշինյանն ընտրեց ներքին քաղաքական տարածքը միատարրացնելու ուղղություն։ Այդ ճանապարհի կարևորագույն կետերը հանրապետության նախկին նախագահների, հայտնի գործարարների և քաղաքական գործիչների դեմ հարուցված քրեական գործերն էին։ Հայկական քաղաքականության նախորդներին չկպչելու չբարձրաձայնված տաբուն խախտվեց։ Ի վերջո, մինչև 2018 թվականը Հայաստանի բոլոր առաջնորդները, չնայած իրենց դժվար և բարդ անձնական հարաբերություններին, քաղաքականապես համակեցություն ունեին միմյանց հետ, և նույնիսկ մրցում էին ընտրություններում։ Ղարաբաղյան երկփուլ աղետը (2020-2023) էլ ավելի բարդացրեց հայկական քաղաքական օրակարգը։
«Ղարաբաղյան կոնսենսուսի» փլուզումը երկրի ներքին քաղաքականությունը խիստ կախված դարձրեց արտաքին քաղաքականությունից։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը և անձամբ Փաշինյանն իրենց հեռանկարները կապում են «իրական Հայաստանի» գաղափարախոսության վրա հիմնված համապարփակ խաղաղության հասնելու հետ։ Դրա սկզբունքները հիմնված են աշխարհաքաղաքական մինիմալիզմի վրա, այն է հրաժարվել Ղարաբաղի համար պայքարից և խզել նախորդների ավանդույթները։ Միևնույն ժամանակ, Փաշինյանի «նոր կուրսը» մոտ է իր ռեսուրսները սպառելուն։ Հայաստանի շատ շարքային քաղաքացիներ պատրաստ կլինեին և՛ փոխզիջումների, և՛ զիջումների, բայց զիջումներ արվում են, իսկ խաղաղությունը նմանվում է նահանջող հորիզոնի։ Բնականաբար, տնտեսական և սոցիալական խնդիրները ևս չեն անհետանում։ Արդյունքում ֆրուստրացիա և հիասթափություն կառավարությունից։ Դա ակնհայտ երևում է սոցիոլոգիական հետազոտություններից։ Իշխող կուսակցության և անձամբ վարչապետի վարկանիշը նվազում է հասնելով պատմական ամենացածր մակարդակին։
Սակայն կա մի նրբերանգ։ Կառավարամետ ուժերի վարկանիշի անկումը չի հանգեցնում ընդդիմության ժողովրդականության աճի։ Վերջինս ևս ունի նոր մարդկանց և նոր գաղափարների պակաս։ Սա մի տեսակ հայկական ներքաղաքական անոմալիա է։ Այս իրավիճակում եկեղեցին է, ով ազգային ավանդույթների պահապանն է, իրականում դառնում հասարակական-քաղաքական կյանքի այլընտրանքային կենտրոն։ Իսկ եկեղեցու կողքին այնպիսի գործիչների հայտնվելը, ինչպիսիք են Սամվել Կարապետյանը և նրա եղբայրը, լրացուցիչ ռիսկի գործոն են թվում իշխանություններին: Ընդ որում ՔՊ–ի համար տագնապի առաջին զանգերն արդեն իսկ հնչել են։ Մարտի վերջին Հայաստանում տեղի ունեցան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, և իշխող կուսակցությունը պարտվեց երկու համայնքներում։ Այս ամենը վարչապետին նյարդայնացնում է և ստիպում առաջ անցնել իրադարձություններից։ Մինչև ընտրությունները դեռ ժամանակ կա, բայց ժողովրդականության աճի համար թաքնված պաշարներ չկան, բացի դա ընդդիմության թևում պայծառ առաջնորդների բացակայությունը ևս չի փրկում Փաշինյանին։ Իսկ հայկական քաղաքական տաբուի խախտումը հանգեցրել է արմատականության, և նա չի կարող չհասկանալ դա։ Հնին, երբ Հայաստանի բոլոր առաջնորդները խաղաղ գոյակցում էին, վերադառնալ այլևս անհնար է։ Եվ դրա մեջ է քաղաքական գործիչ Փաշինյանի հիմնարար խնդիրը, ով հիմա ռազմավարության մեջ ակնհայտ խնդիրներ ունի։ Հակառակ դեպքում դժվար թե Երևանի հուսալի գործընկեր Իրանի ներկայիս թուլացման և Թուրքիա-Ադրբեջան տանդեմի դիրքերի ամրապնդման ֆոնին պետք լիներ Ռուսաստանի հետ նոր վեճեր ու հակասություններ։ Ի վերջո, Մոսկվան դեմքը փրկելու համար չի կարող թույլ տալ, որ «Կարապետյանի գործը» մնա ինքնահոսի: Արդյունքում, ներքին կոնտուրում վտանգավոր հանգույցներ են կապվում:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը