ՔՊ-ի թեկնածուն Էջմիածնում հեղինակություն չունի. «Հրապարակ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ
«Հրապարակ» օրաթերթը գրում է.
Այսօր մեկնարկող ԱԺ արտահերթ նիստում ներառված է Խոյ եւ Վաղարշապատ համայնքների խոշորացման նախագիծը, որի նպատակը նոյեմբերի 16-ին Էջմիածնում նոր ընտրություններ անելն է։ Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանի հրաժարականից հետո ՔՊ-ն Էջմիածնում հարմար թեկնածու չունի, ուստի կանգնել են Արմավիրի մարզպետ, մինչ այդ Խոյ համայնքը ղեկավարած Արգիշտի Մեխակյանի վրա: Սակայն նա Էջմիածին համայնքում այդքան հեղինակություն չունի, ուստի որոշել են մի անգամ արդեն խոշորացված համայնքը նորից խոշորացնել եւ Մեխակյանի նախկին համայնքը` Խոյը, միացնել Էջմիածնին, որ հաղթանակ կորզեն: ԱԺ ներկայացված խոշորացման նախագծի հիմնավորման մասում մի սրտաճմլիկ բացատրություն են գրել, թե «շրջանային» մոդելի խոշորացումներն ավելի արդյունավետ են, քան «փնջայինները», որպիսին Խոյն է։ Որ «շրջանային խոշորացման» դեպքում հնարավոր է «կառավարման ծախսերի օպտիմալացում, մասնագիտացված կադրերի ներգրավում, տնտեսական զարգացման խթանում, ներդրումների ներգրավման հնարավորությունների ընդլայնում» եւ այլն։ Ի դեպ, արտահերթ նիստի օրակարգում այս անգամ էլ չկա Արծվիկ Մինասյանին եւ Սեյրան Օհանյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը․ դա, ըստ ամենայնի, հաջորդ արտահերթով կբերվի։
Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում