Ինչ են ասում Հայաստանում գործարար Կարապետյանի ձերբակալության մասին
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Հայազգի ռուս գործարար Սամվել Կարապետյանի փաստաբանների խումբը բողոքարկել է դատարանի կողմից նրան երկու ամսով կալանավորելու որոշումը, գրում է rg.ru–ն:
Նրանք ուշադրություն են հրավիրել այն փաստի վրա, որ Կարապետյանը ձերբակալվել է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն աջակցելու խոսքերից հետո, որը չի պարունակում իշխանության զավթման որևէ կոչ, որի մեջ մեղադրվում է գործարարը: Ընդգծվում է, որ գործարարը ձերբակալվել է առանց որևէ հիմքի: Այս առումով փաստաբանները նրա դեմ ամբողջ գործն անվանել են «քաղաքական հետապնդում»: Նրանց խոսքով մեղադրանքը որևէ կապ չունի ՀՀ Քրեական օրենսգրքի և քրեական իրավունքի հետ:
«Վերոնշյալից հետևում է, որ որոշումը կայացրած դատարանը պետք է անհապաղ գործի նյութերն ուղարկի վերաքննիչ դատարան», - ասել են փաստաբանները նշելով նաև, որ խուզարկությունների և ձերբակալության որոշումը տրվել է մասնագիտական հանրությանն անհայտ դատավորի կողմից: ՀՀ առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը, մեկնաբանելով այս ամբողջ իրավիճակը նշել է, որ «բացարձակապես չկա նույնիսկ հետք, ակնարկ այն հանցագործության մասին, որի մեջ մեղադրվում է Սամվել Կարապետյանը»։ Նա ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ գործարարին ուղարկել են բավականին հեռու գտնվող նախնական կալանքի կենտրոն։ «Դա նրան մեկուսացնելու համար է, աչքերից հեռու», - ասել է Ալավերդյանը։
Ֆրանսիացի լրագրող և հասարակական գործիչ Դմիտրի դե Կոշկոն հիշեցրել է, որ «Կարապետյանի դեպքը հիշեցնում է այն իրավիճակը, որի առջև կանգնած էին ռումինացիներն ու մոլդովացիները, որտեղ ընտրություններն ուզուրպացվեցին»։ «Սա մի տեսակ նախերգանք է այն բանի, թե ինչ կարող է տեղի ունենալ Հայաստանում», - ասել է նա կարծիք հայտնելով, որ հաջորդ ընտրություններում Կարապետյանը կարող էր դառնալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի իրական և ժողովրդական հակառակորդ, և հիմա իշխանություններն արդեն փորձում են «վերացնել մրցակցին»։
Նմանատիպ կարծիք է հայտնել նաև «Եվրասիա» կազմակերպության խորհրդի անդամ Միքայել Բադալյանը։ «Փաշինյանն արդեն հայտարարել է, որ հաջորդ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան 2026 թվականի հունիսի 7-ին, և ընտրություններին նախապատրաստվելով նա արդեն այսօր մաքրում է դաշտը։ Սա կարող է բացատրել Հայ Առաքելական Եկեղեցու վրա հարձակումները, որը հայերի կյանքում ամենակարևոր ինստիտուտն է և որն այսօր հակադրվում է Հայաստանի կառավարությանը», - նշել է նա հավելելով, որ այս ամենը վերաբերում է նաև գործարար համայնքին։
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն էլ իր հերթին նշել է, որ Կարապետյանը Ռուսաստանի քաղաքացի է։ «Մենք չենք ուզում միջամտել Հայաստանի ներքին գործերին, բայց, իհարկե, ուշադիր հետևում ենք Ռուսաստանի քաղաքացու հետ կապված ամեն ինչին», - ասել է նա։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը