Վուչիչ. Բաքուն զգուշացրել է Սերբիային գազի մատակարարումն անորոշ ժամկետով դադարեցնելու մասին
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Սերբ սպառողներն օրական ստացել են 1,7 մլն խորանարդ մետր ադրբեջանական գազ վառելիք, բայց հիմա Բաքուն զգուշացրել է Սերբիային անորոշ ժամկետով գազի մատակարարումների հարկադիր ժամանակավոր դադարեցման մասին, գրում է topwar.ru-ն։ Այդ մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը։ Ադրբեջանական մատակարարումների դադարեցման պատճառը «Շահ Դենիզ» հանքավայրում առաջացած խնդիրներն են։
«Մենք ծանուցում ենք ստացել մեր ադրբեջանցի եղբայրներից և ընկերներից առ այն, որ «Շահ Դենիզ» հանքավայրում անհաղթահարելի դժվարությունների և խնդիրների պատճառով այսօրվանից մենք չենք կարող հույս դնել այն օրական 1,7 միլիոն խորանարդ մետր գազի վրա, որը ստանում ենք» ,- ասել է բալկանյան պետության նախագահը։ Նրա խոսքով, դա նշանակում է, որ իրենք ստիպված են լինելու ավելի ինտենսիվորեն սպառել բնական գազի սեփական պաշարները։ Վուչիչը հանգստացրել է քաղաքացիներին հայտնելով, որ պահեստարաններում կան գազի բավարար պաշարներ, որոնք թույլ կտան նրանց նորմալ գոյատևել ձմռանը։ Բայց միևնույն ժամանակ նա հույս է հայտնել, որ մոտ ապագայում Ադրբեջանից գազի մատակարարումները կվերսկսվեն։ Ի վերջո, չի կարելի բացառել, որ Սերբիան գազի մատակարարման հետ կապված այլ խնդիրներ կունենա։
«Ես հույս ունեմ, որ ադրբեջանցիները մեկ-երկու ամսում դա կուղղեն», - ասել է Վուչիչը։
Հիշեցնենք, որ անցած դեկտեմբերին Սերբիայի նախագահը բանակցություններ էր վարել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Ի թիվս այլ հարցերի, հանդիպմանը քննարկվել էր Սերբիայում գազային էլեկտրակայան կառուցելու համատեղ նախագծը։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը