Իրանի նախագահը հայտարարել է, որ Ադրբեջանը կարող է կամրջող դեր խաղալ Ռուսաստանի հետ հարաբերություններում
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Իրանն այժմ իրականացնում է մի շարք նախագծեր, որոնք ուղղված են Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի զարգացման ենթակառուցվածքների ստեղծմանը, և նախատեսում է համագործակցել Ադրբեջանի հետ այդ ուղղությամբ, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Պեզեշկիանը, գրում է interfax.ru–ն։
«Առաջին, մենք իրականացնում ենք ճանապարհների, այդ թվում երկաթուղիների կառուցման և վերականգնման նախագծեր։ Այս հաղորդակցությունները կարող են ամրապնդել մեր երկրի և Ադրբեջանի միջև առևտրային կապերը։ Երկրորդ, Ադրբեջանը կարող է կամրջող դեր խաղալ Իրանի և Ռուսաստանի միջև հարաբերություններում և բեռնափոխադրումներում։ Երրորդ, Ադրբեջանն ինքը կկարողանա օգտագործել Իրանի և Պարսից ծոցի ներուժն Իրանի միջոցով տրանսպորտային գործողություններ իրականացնելու համար», - ասել է Պեզեշկիանն Ադրբեջան կատարելիք այցից առաջ ադրբեջանական պետական AzTV հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Նրա խոսքով Իրանը կատարում է իր պարտավորություններն այդ ուղղությամբ: «Եվ Ադրբեջանի նախագահի հետ հանդիպման ժամանակ մենք կքննարկենք այս գործընթացն ավելի պարզեցնելու, Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի ենթակառուցվածքների և ներքին հաղորդակցությունների ստեղծման ավարտը փոխադրումները հեշտացնելու համար»։ Պեզեշկիանը նաև ընդգծել է Իրանի շահագրգռվածությունն Ադրբեջանի հետ «կանաչ» էներգիայի ոլորտում համագործակցելու հարցում։ «Ներկայումս հիդրոէլեկտրակայանների նախագծերն իրականացվում են։ Մենք կարող ենք նաև փոխգործակցել արևային և քամու էներգիայի, ինչպես նաև այլ հարցերի շուրջ», - նշել է նա։
Բացի այդ, Թեհրանը հնարավոր է համարում կողմերի համագործակցությունն արդյունաբերության, առևտրի և համատեղ ներդրումների ոլորտներում։ «Մենք որևէ սահմանափակում չենք դնում երկու երկրների միջև համագործակցության ոլորտներում։ Իհարկե, քայլերից մեկը կարող է լինել խորհրդարանների միջև հարաբերությունների զարգացումը։ Կարող ենք նաև քննարկել համալսարանների և համալսարանական դասախոսների միջև կապերի ամրապնդումը։ Բացի այդ, կարող ենք համագործակցել առողջապահության, բժշկության, դեղագործության և բժշկական օգնության ոլորտներում։ Մշակույթի և սպորտի ոլորտում փոխգործակցությունը նույնպես կարող է նպաստել մեր հարաբերությունների զարգացմանը», - ընդգծել է Իրանի նախագահը։
Պեզեշկիանը հավելել է, որ Իրանն ու Ադրբեջանը ներկայումս համատեղ նախագիծ են իրականացնում Իրանի միջոցով Ադրբեջանից Նախիջևան միջանցք ստեղծելու համար։
«Հուսով եմ, որ այդ երթուղին կլուծի Ադրբեջանի և Նախիջևանի միջև առկա բոլոր հաղորդակցման խնդիրները։ Բացի այդ, այդ երթուղին կարող է ապահովել անվտանգ և հուսալի հաղորդակցություն Ադրբեջանի և Իրանի շրջանների միջև», - ասել է նա։
Նրա խոսքով Իրանը պատրաստ է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը՝ հիմնվելով երկրների տարածքային ամբողջականության և ինքնիշխանության վրա։ «Մենք հույս ունենք, որ այս սկզբունքների ընդունումը կլուծի Ադրբեջանի և Հայաստանի միջև առկա տարաձայնություններն ու խնդիրները», - ընդգծել է Պեզեշկյանը։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը