Բուլղարիայի ռազմական հետախուզությունը պնդում է, որ Ռուսաստանը կարող է հարձակվել Մոլդովայի, Վրաստանի և Հայաստանի վրա
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Բուլղարիայի ռազմական հետախուզությունը հաղորդել է, որ Ռուսաստանը կարող է հարձակվել Մոլդովայի, Վրաստանի և հնարավոր է նաև Հայաստանի վրա։ Այս մասին ասվում է գերատեսչության տարեկան զեկույցում, որը հրապարակվել է Բուլղարիայի Նախարարների խորհրդի կայքում, գրում է point.md–ն։
«Անկախ պատերազմի արդյունքից, Մոսկվան կշարունակի ամրապնդել իր ագրեսիվ քաղաքականությունը։ Ներկայումս տարածաշրջանի մյուս երկրների համար ուղղակի ռազմական սպառնալիք չկա։ Սակայն, եթե Կրեմլը չփոխի իր ագրեսիվությունը, միջնաժամկետ հեռանկարում նոր զինված հակամարտության ռիսկը կմնա բարձր։ Այս ռիսկին ամենաշատը ենթարկվում են Մոլդովան, Վրաստանը և, հավանաբար, Հայաստանը», - նշվել է փաստաթղթում։
Հաղորդագրության համաձայն, կողմերից յուրաքանչյուրի՝ Ռուսաստանի և Ուկրաինայի նպատակը պարզապես գերազանցությունն է դիմացկունության մեջ։ Երկու կողմերի մարտական ներուժի սպառման նշաններն արդեն տեսանելի են, և ակնհայտ են խաղաղության բանակցություններ սկսելու փորձերը։
Բուլղարական հետախուզության տվյալներով բանակցություններում Վլադիմիր Պուտինի գլխավոր խնդիրը կլինի Ռուսաստանի անվտանգության երկարաժամկետ իրավական երաշխիքներ ստանալը, այդ թվում հետխորհրդային տարածքում նրա ազդեցության ոլորտի ճանաչումը։ Ուկրաինան, ըստ այդ նպատակների մղվում է երկրորդ պլան, նրան տրվում է կախյալ պետության դեր առանց սեփական ինքնության, անկախ կառավարության և ռազմաքաղաքական ինքնիշխանության։
Զեկույցում նաև ընդգծվում է, որ Ռուսաստանը մնում է միջազգային անվտանգությունն անկայունացնող հիմնական գործոնը։ Վլադիմիր Պուտինի վերընտրվելը նոր նախագահական ժամկետով ամրապնդել է Ռուսաստանի արտաքին քաղաքականության մեջ ուժի վրա հիմնված մոտեցումը։ Կրեմլն ակտիվորեն օգտագործում է ազդեցության հիբրիդային մեթոդներ ձգտելով լարվածություն ստեղծել եվրատլանտյան հանրության ներսում և ազդել եվրոպական երկրներում ընտրական տրամադրությունների վրա։
Հաշվետվության մեջ նաև նշվում է, որ Ռուսաստանը հայտարարելով երկարաժամկետ վտանգավոր գոտիներ շարունակում է սահմանափակել Սև ծովում նավարկության և օդային երթևեկության ազատությունը, չնայած իր ռազմածովային ուժերի զգալիորեն սահմանափակ հնարավորություններին։ Այդ ջրերը շարունակում են վտանգավոր մնալ ծովային ականների, չպայթած զինամթերքի և տարբեր անօդաչու համակարգերի պատճառով։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը