Իրանի նոր «Ռեզվան» կամիկաձե անօդաչու թռչող սարքը համեմատել են ռուսական «Իզդելիե 53» թռչող զինամթերքի հետ, որը մշակվել է Zala Aero-ի կողմից
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Իրանում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, էլիտար զորքեր, Իրանի զինված ուժերի մաս) «Մեծ մարգարե-19» զորավարժությունների ժամանակ ներկայացվել է նոր կամիկաձե անօդաչու թռչող սարքը՝ «Ռեզվան»-ը։ Ռուս փորձագետները դրա կառուցվածքը համեմատել են ռուսական Zala Aero-ի կողմից մշակված «Իզդելիե 53» անօդաչու թռչող սարքի հետ, գրում է 1.ru–ն։
«Ռեզվան» անօդաչու թռչող սարքն արձակվում է գլանաձև արձակիչից։ Այն հագեցած է առջևի տեսախցիկով պատկերներն օպերատորին փոխանցելու համար։ «Ռեզվան»-ի թռիչքի հեռահարությունը 20 կիլոմետր է, իսկ թռիչքի տևողությունը 20 րոպե։ Նշվել է, որ այդ կամիկաձե անօդաչու թռչող սարքը պարեկում է որոշակի տարածքում, ապա թիրախ հայտնաբերելուց հետո խոյահարում և պայթեցնում է այն իր զինամթերքով։ Այդ անօդաչու թռչող սարքը քթի հատվածում հագեցած է օպտոէլեկտրոնային համակարգով հայտնաբերման և ճշգրիտ նշանառման համար։
Կառուցվածքային առումով, անօդաչու թռչող սարքը չորս թևով մարմին է, որոնք տեղադրված են 45 աստիճանի անկյան տակ։ Այն հագեցած է ավտոմատ ուղղորդման համակարգով, որը թույլ է տալիս ճանաչել և ներգրավել թիրախը օպերատորի նվազագույն միջամտությամբ։
«Իզդելիե 53»-ը իր հերթին արձակվում է ականանետ հիշեցնող կոմպակտ արձակիչի միջոցով։ Այդ կամիկաձե դրոնն ունի զրահի բարձրացված թափանցելիություն և բարելավված պայթուցիչ՝ հեռակառավարմամբ պայթեցնելու հնարավորությամբ։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը