Ադրբեջանը ոչնչացնում է հայկական մշակութային ժառանգությունը․ USCIRF
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովը (USCIRF) հունիսի 5-ին վիրտուալ լսումներ կանցկացնի Ադրբեջանում տիրող իրավիճակի վերաբերյալ, որոնց ընթացքում անդրադարձ կկատարվի նաև հայկական մշակութային ժառանգության ոչնչացման հարցին, ասվում է USCIRF-ի հաղորդագրության մեջ:
«Լեռնային Ղարաբաղում կրոնական օբյեկտները մնում են սպառնալիքի տակ, մինչդեռ ադրբեջանական իշխանությունները ոչնչացնում են հայկական մշակութային ժառանգությունը»,- ընդգծվում Է կազմակերպության հաղորդագրության մեջ:
«Փետրվարին USCIRF-ն այցելել էր Ադրբեջան՝ ուսումնասիրելու երկրում կրոնական ազատության վիճակը և հանդիպելու կրոնական համայնքների ներկայացուցիչների, իրավապաշտպանների և պետական պաշտոնյաների հետ։ 2025 թվականի իր տարեկան զեկույցում USCIRF-ը խորհուրդ է տվել ԱՄՆ Պետդեպարտամենտին ներառել Ադրբեջանը հատուկ դիտորդական ցուցակում կրոնական ազատության լուրջ խախտումների համար», - ասվում է հաղորդագրության մեջ։