Թրամփը և Իսրայելի համար նոր «Աբրահամյան համաձայնագրերը»
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ԱՄՆ նախագահի Մերձավոր Արևելքի հարցերով դեսպան Սթիվ Վիտկոֆը Breitbart-ին տված հարցազրույցի ժամանակ ասել է, որ չորսից վեց երկիր, այդ թվում՝ Ադրբեջանը, Հայաստանը, Սիրիան և Լիբանանը, կարող են միանալ Աբրահամի համաձայնագրերին (արաբական երկրների և Իսրայելի միջև հարաբերությունները կարգավորելու համաձայնագրեր) առաջիկա մի քանի ամիսների ընթացքում։ Ավելի վաղ, Վաշինգտոնում Իսրայելի դեսպանատանը կազմակերպված միջոցառման ժամանակ ելույթ ունենալով, նա ավելի կոնկրետ էր խոսել պնդելով, որ այդ համաձայնագրերի ընդլայնումը տեղի կունենա մինչև 2026 թվականի սկիզբը, գրում է iarex.ru–ն։
Հիշեցնենք, որ Աբրահամի համաձայնագրերը Իսրայելի և մի շարք պետությունների՝ Մարոկկոյի, Բահրեյնի, Արաբական Միացյալ Էմիրությունների և Սուդանի միջև հարաբերությունների կարգավորման վերաբերյալ համաձայնագրերի շարք են, որոնք ստորագրվել են 2020-2021 թվականներին։ Դա Թրամփի փեսա Ջարեդ Քուշների նախագիծն էր, որն այն ժամանակ նախագահի ավագ խորհրդականն էր։ Շատ փորձագետների կարծիքով, մի շարք երկրների կողմից այդ ժամանակ Իսրայելը ճանաչելու որոշումը խախտում էր արաբական երկրների վաղեմի այն կոնսենսուսը, որի համաձայն Իսրայելի հետ ցանկացած պաշտոնական հարաբերություններ հնարավոր էր համարվում միայն Պաղեստինի պետության ստեղծումից հետո։ Մեկ այլ ասպեկտ է իրանական թեման, քանի որ «իրանական սպառնալիքին» դիմակայելը ստորագրող պետությունների միջև շփման կետերից մեկն էր, իսկ Թրամփն իր առաջին նախագահական ժամկետում առաջ մղեց այսպես կոչված արաբական ՆԱՏՕ ստեղծելու գաղափարը։
Սակայն այժմ տարածաշրջանում իրավիճակը սկսել է հիմնարար կերպով փոխվել, ինչն այս պահին ոչ թե պարզապես պատահական իրադարձությունների ամբողջություն է, այլ Թրամփի կողմից նախապես մշակված գործողությունների ծրագիր։ Նա սկսել է Իսրայելին հեռացնել Իրանի հետ միջուկային համաձայնագրի շուրջ բանակցություններից, համաձայնել է Գազայի վերաբերյալ համաձայնագիր կնքել Համասի հետ առանց Իսրայելի, ավարտել է Եմենում հուսիթների հետ պատերազմը և առաջարկել է Գազայում ամերիկյան ժամանակավոր կառավարում մտցնել։ Նման պայմաններում «Աբրահամյան պատմության» վերածնունդը նախկին ուրվագծերով քիչ հավանական է։ Հետևաբար, տպավորություն է ստեղծվում, որ դիտարկվում է Մերձավոր Արևելքի կարգավորման հնարավորությունը, որը հիմնված է առանց Իսրայելի արաբա-արաբական հաշտեցման վրա։ Այդ համատեքստում խոսել միայն Աբրահամի համաձայնագրերի նշանակության մասին կարելի է դրանց նոր տարբերակով՝ Պաղեստինի պետության ստեղծմամբ։
Պատահական չէ, որ Թրամփի Մերձավոր Արևելյան այցը խուճապ է առաջացրել ԱՄՆ-ում գործող իսրայելական լոբբիստական կազմակերպությունների շրջանում։ Ավելին, նա հրաժարվել է այցելել Իսրայել։ Բայց առայժմ միայն պարզ է այն, որ Թրամփը, գուցե մարտավարական պատճառներով, մի քանի քայլեր է ձեռնարկել, որոնք համարվում են Իսրայելին ավանդական աջակցությունից շեղում։ Հնարավոր է, որ այս տեղաշարժը, չնայած անորոշ է թվում, արտացոլում է ուժերի փոփոխվող հավասարակշռությունը և ռազմավարական հաշվարկները մի տարածաշրջանում, որտեղ շատ երկրներ են հայտնվել հակամարտության մեջ։ Այսպիսով, Մերձավոր Արևելքում «մեծ խաղը» լիարժեք ընթացքի մեջ է։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը