Փորձագետ Բեսպալով. Հայաստանում կուրսի փոփոխություն հնարավոր է խորհրդարանական ընտրություններից հետո
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հայաստանում խորհրդարանական ընտրությունները կարող են դրական փոփոխություններ բերել հանրապետության և Ռուսաստանի հարաբերություններում, News.ru-ի հետ զրույցում կարծիք է հայտնել Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի հասարակական գիտությունների գիտական տեղեկատվության ինստիտուտի ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Սերգեյ Բեսպալովը։
Նրա խոսքով, Ռուսաստանում որոշ կադրային որոշումներ ևս կարող են ազդել կապերի հաստատման գործընթացի վրա։ «Խորհրդարանական ընտրություններից հետո դրական փոփոխությունների հնարավորություններ կան։ Վերջերս լուրեր են շրջանառվում, որ Ռուսաստանի և Հայաստանի միջև հարաբերությունները փոխանցվել են նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Սերգեյ Կիրիենկոյին։ Դա հետաքրքիր է, քանի որ այդ անձը իրականում պատասխանատու է Ռուսաստանի ներքին քաղաքականության համար», - ասել է Բեսպալովը։
Նա հիշեցրել է, որ Կիրիենկոն հաջողված փորձ ունի ճգնաժամերի լուծման գործում։ «Վերջերս մենք ճգնաժամ ունեցանք Աբխազիայի հետ հարաբերություններում, Կիրիենկոյին վստահվեց իրավիճակը, և նա կարողացավ փայլուն կերպով դուրս գալ իրավիճակից», - հավելել է փորձագետը։
Ավելի վաղ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Ռուսաստանն ու Հայաստանը անցել են փոխադարձ անվստահության փուլը։ Նրա խոսքով՝ դա հաստատվել է հանրապետության արտաքին գործերի նախարարության ղեկավար Արարատ Միրզոյանի հետ իր հանդիպման ժամանակ։ Լավրովը նաև բացառել է Հայաստանում «ուկրաինական սցենարի» զարգացման հնարավորությունը և այդ հանրապետությունն անվանել է Ռուսաստանի բարեկամ։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը