Սևանա լճից 131.8 մլն մ3 ջրառ կիրականացվի ոռոգման նպատակով
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունն այսօր՝ հունիսի 5-ի հերթական նիստում, կհաստատի ոռոգման նպատակով 2025 թվականին Սևանա լճից ջրառի մասին որոշումը։
Հիմք ընդունելով «Սևանա լճի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածը և «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով հաստատված ծրագրի 6-րդ գլխի 6.1-ին կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Ոռոգման նպատակով Սևանա լճից 2025 թվականի ոռոգման շրջանում ջրառի չափաքանակը սահմանել մինչև 131.8 մլն մ3՝ ներառյալ ջրօգտագործման թույլտվությամբ սահմանված «Գեղարքունիք» ջրօգտագործողների ընկերության 4.3 մլն մ3 ծավալով ջրառը:
- Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարին` Սևանա լճից ոռոգման նպատակով ջրառն ապահովել` համաձայն Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի կողմից ներկայացվող չափաքանակի և ժամկետների:
- Թույլատրել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի նախագահին՝ կախված եղանակային պայմաններից՝ Սևանա լճից ոռոգման նպատակով իրականացվող ջրառի չափաքանակի շրջանակներում կատարել ծավալային և ժամկետային փոփոխություններ:
- Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի նախագահին` Հրազդան գետի հունի լվացման նպատակով՝ Աղբյուրակի ջրամբարից մինչև Երևանյան լիճը, գետի հունով, յուրաքանչյուր ամսվա 15-ին և 30-ին բաց թողնել մեկ ժամով նախազգուշական ելք` 2.0 մ3/վրկ, և երկու ժամով հիմնական ելք` 5.0 մ3/վրկ, ընդամենը տարեկան` 0.65 մլն մ3:
Էմմա Միքայելյան