Թուրքիայում զբոսաշրջիկներով միկրոավտոբուս է վթարի ենթարկվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Թուրքիայի Անթալիա նահանգում զբոսաշրջիկներով միկրոավտոբուս է վթարի ենթարկվել, ինչի հետևանքով՝ վեց մարդ վիրավորվել է։ Այս մասին հայտնում է IHA-ն։
Հրատարակության տվյալներով՝ վթարը տեղի է ունեցել նախորդ առավոտյան՝ Մանավգաթ քաղաքի ավտոճանապարհին։ Վարորդը կորցրել է մեքենայի կառավարումը, ինչի հետևանքով՝ միկրոավտոբուսը բախվել է ցանկապատին և կողաշրջվելով՝ ընկել ձորը։ Թուրքիայից, Գերմանիայից և Ղազախստանից զբոսաշրջիկներ են վիրավորվել։
Նշվում է, որ վթարի վայր ժամանած շտապօգնության աշխատակիցներն այնտեղ չեն գտել վարորդին։ Նա նույնպես վիրավորվել է, սակայն դիմել է փախուստի։ Ավելի ուշ տղամարդը ոստիկաններին բացատրել է, որ խուճապի է մատնվել։ Նա և մյուս տուժածները հոսպիտալացվել են։