Հնդկաստանը և Ռուսաստանը քննարկել են Ս-400-ների մատակարարման և Սու-30 ՄԿԻ կործանիչների արդիականացման հարցերը
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Հնդկաստանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարները Չինաստանի Ցինդաո քաղաքում կայացած հանդիպման ժամանակ քննարկել են ռուսական S-400 հակաօդային պաշտպանության հրթիռային համակարգերի մատակարարումը, Սու-30 ՄԿԻ կործանիչների արդիականացումը և կարճ ժամանակահատվածում կարևորագույն ռազմական տեխնիկայի ձեռքբերումը։ Այս մասին հայտնել է Հնդկաստանի պաշտպանության նախարարությունը երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարներ Ռաջնաթ Սինգհի և Անդրեյ Բելոուսովի միջև կայացած հանդիպումից հետո։
Հնդկական կողմը հանդիպումն անվանել է ամենակարևորներից մեկը «Սինդուր» գործողության համատեքստում, որը պահանջում է պաշտպանական արտադրության ավելացում, այդ թվում՝ հակաօդային պաշտպանության ոլորտում, հաղորդում է Аргументы и факты-ն։
«Հանդիպման հիմնական թեմաներից էին Ս-400 համակարգերի մատակարարումը, Սու-30 ՄԿԻ արդիականացումը և կարճ ժամանակահատվածում կարևորագույն ռազմական տեխնիկայի ձեռքբերումը», - նշել է Հնդկաստանի պաշտպանության նախարարությունը։
Գերատեսչությունը նաև հավելել է, որ Սինգհը և Բելոուսովը խորը քննարկումներ են ունեցել մի շարք հարցերի շուրջ, այդ թվում՝ ռուս-հնդկական պաշտպանական համագործակցության, ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակի և սահմանային ահաբեկչության վերաբերյալ։ Բելոուսովը, նշվել է, համերաշխություն է հայտնել Հնդկաստանին ապրիլի 22-ին Փահալգամում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման կապակցությամբ։