Հայկական սփյուռքը ոտքի են կանգնացնում Փաշինյանի դեմ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոստացել է մոտ ապագայում սկսել վերջերս ձերբակալված օլիգարխ Սամվել Կարապետյանին պատկանող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ազգայնացման գործընթացը: Կառավարության ղեկավարի խոսքով միլիարդատերը չի կարողանում բնակչությանը էլեկտրաէներգիա մատակարարել և դրանով իսկ խաթարում է հայերի հավատը իրենց հանրապետության նկատմամբ:
Իրավական տեսանկյունից ՀԷՑ-ը կարող է ազգայնացվել, եթե ապացուցվի, որ ընկերության սեփականատերերը սպառողներին վատ ծառայություններ են մատուցել և բավարար ներդրումներ չեն կատարել իրենց ձեռնարկության զարգացման մեջ: Կարապետյանի պաշտպանությունը պնդում է, որ վերջին տարիներին էներգամատակարարման վերաբերյալ բողոքների թիվը նվազել է: Փաշինյանը, ընդհակառակը, տեսնում է ոչ միայն ՀԷՑ-ի ղեկավարության անգործունակությունը, այլ նաև այդ հարցում չարամիտ մտադրությունը, գրում է Ng.ru–ն: Սակայն, բանտարկվելուց հետո էլ Կարապետյանը չի հանձնվել: Իր փաստաբանների միջոցով նա հայտարարել է, որ իր ողջ կառավարման ընթացքում Փաշինյանը կարողացել է լիովին բացառել սփյուռքը Հայաստանի կյանքից: Մասնավորապես, այլ երկրներում բնակվող որոշ հայերի արգելվել է գալ հանրապետություն: Նաև հարկ է նշել, որ օլիգարխին աջակցել են սփյուռքի որոշ ներկայացուցիչներ: Առաջին հերթին դա արել են Ռուսաստանի հայերի միության ղեկավար Արա Աբրահամյանը, Մեծ Բրիտանիայի հայ համայնքի խորհրդի նախագահ Կարեն Արևյանը, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների գործունեության համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը և «Californian Courier» թերթի գլխավոր խմբագիր Հարութ Սասունյանը։
Այնուամենայնիվ, քաղաքագետ Միքայել Զոլյանը կասկածում է, որ Կարապետյանը, հույսը դնելով սփյուռքի վրա, կկարողանա վերադառնալ Հայաստանի իշխող վերնախավ։ «Սփյուռքի ներկայացուցիչներ շատ տարբեր են։ Ոմանք աջակցում են Կարապետյանին, ոմանք Փաշինյանին, մյուսները ընդհանրապես չեն հետաքրքրվում քաղաքականությամբ։ Միևնույն ժամանակ, ընդհանուր առմամբ, սփյուռքի ազդեցությունը Հայաստանի վրա սովորաբար շատ է գերագնահատվում։ Վերջին հաշվով, նույնիսկ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ով բանավոր կերպով հույսը դնում էր սփյուռքի վրա, փորձեց սահմանափակել նրա դերը երկրի կյանքում։ Արտերկրում ապրող հայերը շատ ազդեցության լծակներ չունեն Երևանի վրա», - բացատրել է Զոլյանը։ Նրա տեսանկյունից, Կարապետյանի սփյուռքին դիմելը պետք է դիտարկել որպես օլիգարխի կողմից հնարավորինս շատ ուշադրություն գրավելու փորձ։ Միևնույն ժամանակ, Ղարաբաղի համար երկրորդ պատերազմից հետո, Հայաստանի շատ բնակիչներ են հիասթափվել սփյուռքից, քանի որ հասկացել են, որ արտասահմանյան երկրները քիչ բան կարող են անել իրենց օգնելու համար։ «Ընդհանուր առմամբ, այս ամբողջ պատմությունը, հավանաբար, բացասական ազդեցություն չի ունենա Փաշինյանի վարկանիշի վրա։ Նրան վաղուց են քննադատում 1990-ականներին հարստացած օլիգարխներին չդիպչելու համար։ Հայաստանում շատերը նման մարդկանց հանցագործներ են համարում։ Հետևաբար, ես չէի սպասի, որ Կարապետյանի ժողովրդականությունը նույնպես կաճի», - նշել է Զոլյանը։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը