Փաշինյանը վախեցել է «Ֆեյսբուքի» կանոններից
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Օրեր շարունակ տարբեր գործիչների, հանրային դեմքերի, եկեղեցու դեմ հայհոյախառն մեկնաբանություններ գրող Նիկոլ Փաշինյանը նախօրեին մի առաջարկություն է արել, որն, առաջին հայացքից կարող է տարօրինակ թվալ։ «Առաջարկում եմ հանրային կոնսենսուս ձեռքբերել, որ մի իքս ամսաթվից հանրային–քաղաքական–հրապարակային դաշտում հայհոյախոսությունը և հիբրիդային թիրախավորումը դադարեցնում ենք և անցնում բացառապես քաղաքակիրթ և հարգալից բանավեճի, և միայն ստուգված փաստերի վրա հիմնվելու տրամաբանությանը»,-գրել է Փաշինյանը՝ առաջարկեով հուլիսի 1-ը որպես կոնսենսուսի մեկնարկի ամսաթիվ և մինչև հուլիսի 5-ը վետո է դնում իր կողմից «պարականոն» բառապաշարի և խոսույթի կիրառման վրա։ «Հուլիսի 5–ին կկիսեմ իմ տպավորությունը, թե ինչ արձագանք է գտել առաջարկը հանրության և սոցիալական ցանցերի օգտատերերի շրջանում»,- գրել է նա։
Կարող է թվալ, թե Փաշինյանը սկսել է գիտակցել վարչապետի պաշտոնի ծանրությունը, և ցանկանում է իրեն բարձրաստիճան պաշտոնյային ու, պարզապես, տղամարդուն հարիր պահել։ Ո՛չ, հազար անգամ, ո՛չ։ Պարզապես, սոցցանցերում նրա գռեհիկաբանություններն ու հայհոյախառն խոսքն անգամ «Մետա» ընկերությանն են «նյարդայնացրել»։ Բնական է, որ հազարավոր մարդիկ բողոքարկեցին վարչապետի էջը կամ գրառումները։ Ըստ որոշ տեղեկությունների, «Ֆեյսբուքը» հեռացրել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Առաջին նախագահի դեմ Փաշինյանի գրառումները։ Իսկ հայհոյախառն գրառումները շարունակելու դեպքում գուցե նրա էջն էլ արգելափակեն։ Իսկ դա վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի ամենահզոր և, թերևս, միակ զենքն է՝ 1 մլն-ից ավելի հետևորդներով։
Զրկել Փաշինյանին իր սոցցանցային էջերից և նրա իշխանությունը փուլ կգա, և սա աքսիոմ է։ Միգուցե, ընդդիմությունն առաջին հերթին պետք է աշխատի այս ուղղությամբ, մյուս ուղղությունները բարդ են տրվում։
Մանե Ոսկանյան