«Ես միշտ ստացել եմ սիրուհու դերի առաջարկ, դա ինձ նեղացնում է, քանի որ ավելին կարող եմ անել որպես դերասանուհի». Էվա Խաչատրյան
ՖՈՏՈ
«Վերջին տարիներին հիմնականում զբաղված եմ թատրոնում:
Վերջերս 4 ներկայացման պրեմիերա տեղի ունեցավ: Առաջինը՝ Կամերային թատրոնում Արա Երնջակյանի «Անաստվածային կատակերգություն»-ն էր, ռեժիսորը Արշո Հարությունյանն է: Տպավորիչ և ասելիքով ներկայացում է, իսկ գլխավոր դերում ինձ համար անկրկնելի և չգերազանցելի Սենիկ Բարսեղյանն է:
Երջանկության ամենամեծ դոզաները հենց թատրոնում եմ ստանում և վայելում, կլինեն ծափերի տեսքով, թե բեմում վերապրելու և դերը կատարյալ մատուցելու միջոցով:
Դրանք ինձ շատ լավ էմոցիաներ են տալիս, այդ ժամանակ բարձրանում են իմ բոլոր դրական հորմոնները: Ես ինձ երջանիկ եմ զգում թատրոնում ստեղծագործելիս:
Սպասում եմ լավ և էմոցիոնալ դերի, որի ասելիքը կարևոր կլինի: Այնպիսի դեր, որն արտիստի համար աշխատելու հնարավրություն կլինի, ոչ թե միայն գեղեցիկ աղջկա կամ սիրուհու ներկայություն:
Իմ գործունեության ընթացքում ես միշտ ստացել եմ սիրուհու դերի առաջարկ, դա ինձ նեղացնում է մի բանի համար, որ ես գիտեմ, որ ավելին կարող եմ անել որպես դերասանուհի:
Եվ շատ ավելի գեղեցիկ ու գայթակղիչ աղջիկներ կան, որոնք կարող են ոչինչ չանել, պարզապես կադրում լինել: Իսկ դերասանուհին մեծ հաշվով հաճույք է ստանում, երբ ստեղծագործում է, նոր բան է անում, մի բան, որ երբևէ չի փորձել»,- Առաջին ալիքի եթերում պատմել է դերասանուհի Էվա Խաչատրյանն ու անկեղծացել, որ տեսակով չափազանց դեպրեսիվ է:
«Բայց ամենակոտրված դեպքում էլ կարողանում եմ ինքս ինձ դուրս բերել այդ իրավիճակից: Ես գիտակցում եմ, որ այս աշխարհում, եթե մենք մեզ չօգնենք, ոչ ոք դա չի անի»,- նշել է դերասանուհին: