Հայաստանում գույքահարկի կտրուկ աճ է նկատվում. Երևանի կենտրոնում 2 սենյականոց բնակարանի համար հարկը կհասնի 1000 դոլարի
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Հայաստանում անշարժ գույքի հարկերի հաշվարկման նոր մեթոդաբանության կիրառումը, որը հիմնված է շուկայական, ոչ թե կադաստրային արժեքների վրա, կհանգեցնի երկրի բնակիչների համար հարկային բեռի զգալի ավելացման։ Այս մասին հայտնում է ԱրմԻնֆո հայկական լրատվական ծառայությունը, գրում է virtualbrest.ru-ն։
«Դառը հաբը քաղցրացնելու համար կառավարությունը հայտարարել է, որ հարկային նորամուծության ներդրումը կիրականացվի փուլերով՝ վեց տարվա ընթացքում»,- նշել է ԱրմԻնֆո-ն։ Աճը սկսվել է 2021 թվականից, երբ քաղաքացիներից սկսեցին գանձվել սահմանված նոր հարկի միայն 25 %-ը։ 2025 թվականից կլինի 75 տոկոս աճ, իսկ 2026 թվականից հարկը պետք է ամբողջությամբ վճարվի։ Ելնելով դրանից հարկային բեռի կտրուկ աճ տեղի կունենա 2025 և 2026 թվականներին։ Նշվում է, որ գույքահարկի հավաքագրման ներուժը կավելանա միջինը 4,3 անգամ։
Հայաստանի կադաստրի կոմիտեի նախագահ Սուրեն Թովմասյանը հարցին, թե ի՞նչ անել այն թոշակառուների և համապատասխան եկամուտ չունեցող անձանց համար, ովքեր ժառանգել են անշարժ գույք քաղաքի կենտրոնում, որի հարկը զգալիորեն աճել է, պատասխանել է, որ այդ տարածքում կյանքը մարդկանց համար ապահովվում է համապատասխան ենթակառուցվածք: Ուստի, ըստ պաշտոնյայի, նրանք պետք է հարկերը վճարեն այնքան, որքան իրենց տան այլ բնակիչները։
Հայաստանում հարկային նոր սանդղակի տակ է մտնում 432 հազար բնակարան, նշել է Sputnik Արմենիան։ Հարկային բեռը հատկապես կբարձրանա մայրաքաղաքի Կենտրոն և Արաբկիր վարչական շրջաններում։
«Նոր հաշվարկային բանաձևի կիրառման արդյունքում մենք կստանանք մի իրավիճակ, երբ կենտրոնում ապրող քաղաքացին գործնականում կկրի ֆինանսական հսկայական բեռ»,- նկատել է տնտեսագետ Հրայր Կամենդատյանը։ Փորձագետը հավելել է, որ գույքահարկի հաշվարկման նոր բանաձևում հաշվի է առնվելու ոչ միայն շենքի գտնվելու վայրը, այլ նաև հարկերի քանակը, շինարարության տարեթիվն ու տեսակը, անգամ տանիքի կառուցվածքը։ Այդ բոլոր գործակիցներից ելնելով, ըստ Կամենդատյանի, Երևանի կենտրոնում մեկ սենյականոց բնակարանի համար անշարժ գույքի տարեկան գույքահարկը կկազմի 200-250 հազար դրամ (500 դոլարից մինչև 625 դոլար), երկու կամ երեք սենյականոց բնակարանի համար 400 հազար դրամ (1000 դոլար) և ավելի: Համեմատության համար նշենք, որ Հայաստանի մայրաքաղաքի ծայրամասում մեկ սենյականոց բնակարանի հարկը կկազմի մոտ 30-40 հազար դրամ (75 դոլարից մինչև 100 դոլար)։ Աճող ֆինանսական բեռի ողջ ծանրությունը երևանցիները կզգան ոչ թե տարեսկզբին, այլ հիմնականում 2025 թվականի դեկտեմբերին, քանի որ դա է գույքահարկի վճարման վերջնաժամկետը։
Խոսելով Կենտրոն և Արաբկիր վարչական շրջաններում ապրող համեստ եկամուտ ունեցող քաղաքացիների, հատկապես թոշակառուների խնդիրների մասին, Կամենդատյանը կարծիք է հայտնել, որ երկրի իշխանությունները անտանելի ֆինանսական բեռ ստեղծելով նրանց համար մտադիր են այդ կերպ իրենց համար մասնակիորեն ազատել բնակարանային ֆոնդը կենտրոնում: «Ի վերջո, մենք ունենք ոչ միայն թոշակառուներ, այլ նաև մարդիկ, ովքեր 130-140 հազար դրամ աշխատավարձով ի վիճակի չեն վճարել նման պարտավորություններ։ Իսկ հետո արդյո՞ք դատական մարմինների միջոցով գույքը կբռնագրավվի: Ես դա համարում եմ գույքի առգրավման և ռեյդերության ձև»,- ասել է տնտեսագետը։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը